1ԳլխավորԼուրերԿարծիքՆերքինՔաղաքականություն

ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախորդ օրը հավաք անելը խորհրդանշական իմաստ ունի. Բադալյան

Կարծում եմ՝ ԲՀԿ, «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցությունների հավաքի օրվա նշանակումն, անշուշտ, պատահական չէր և առնվազն պարունակում է խորհրդանշական իմաստ: 365news.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով երեք քաղաքական ուժերի հավաքի օրվան և նրան, որ հավաքը տեղի է ունենալու ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախորդ օրը:

Ըստ Բադալյանի՝ այս քայլը միանգամայն հասկանալի է, քանի որ Հայաստանում նախկին համակարգը ներկայացնող կամ դրանց հետ ասոցացվող ուժերի գերակշիռ մասը ներկայումս մրցակցում է ՀՀ-ում ռուսական քաղաքական շահը լավագույնս ներակայացնելու հայտի համար:

«Բացի Հանրապետական կուսակցությունից՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մնացած քաղաքական ուժերը, որոնք ներկայացնում են նախկին համակարգը, փորձում են իրենց քաղաքական հավակնությունները և ներքաղաքական դերակատարությունը ներկայացնել Ռուսաստանի տրված հայտով և այնտեղից ստացվելիք աջակցությամբ»,- նշեց Բադալյանը՝ հավելելով, որ այդպիսի ուժեր են նաև եռյակը ներկայացնող ուժերը:

Քաղաքական մեկնաբանը նշեց, որ այդ քաղաքական ուժերը բավականին բաց են իրենց քաղաքականությունը կառուցում ու այստեղ առանձնապես գուշակելու բան չկա, քանի որ նրանք շատ բաց են դիրքավորվում:

Ըստ Բադալյանի՝ ռուսական քաղաքական շահը ներկայացնելու հայտի համար հիմնական պայքարն այսօր ընթանում է այդ կուսակցությունների եռյակի և Ռոբերտ Քոչարյանի միջև, մասնավորապես, այն պատճառով, որ հայաստանյան քաղաքական դաշտում ռուսական հետաքրքրություններն ու շահերը ներկայացնելու գլխավոր հավակնորդը հենց Ռոբերտ Քոչարյանն է. «Կուսակցությունների եռյակն իր խնդիրներից մեկը դիտարկում է այն, որ փորձում է ցույց տալ, որ այդ դիտանկյունից իրենք մրցունակ են»:

Հարցին՝ արդյո՞ք ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախորդ օրը հավաք անցկացնելը կուսակցությունների կողմից դիվիդենտեր շահելուն չէր ուղղված, Բադալյանը պատասխանեց. «Դա պարզապես խորհրդանշական իմաստ պարունակող քայլ էր: Այստեղ ես վճռորոշ հանգամանքներ չեմ տեսնում, թե երբ կանեին այդ հավաքը, պարզապես Հայաստանում ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախորդ օրը հավաք անելը խորհրդանշական ազդակ էր: Նորից նշեմ, որ դա Հայաստանում ռուսական հետաքրքրությունները ներկայացնելու դերի համար արված քայլ էր»:

Մեր այն հարցին, եթե Գագիկ Ծառուկյանը կալանավորվի, եռյակ կուսակցության մնացյալ անդամները կշարունակե՞ն առանց ԲՀԿ-ի իրենց մրցակցությունը, Բադալյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ նրանց ներուժը ԲՀԿ-ի համեմատ նվազ մրցակցային է, սակայն ռազմավարական հեռանկարի տեսնակյունից նրանք իրենց գործունեությունը ոչ միայն չեն կապում ԲՀԿ-ի հետ, այլ նաև այսօր, աշխատելով ԲՀԿ-ի հետ, նրանք նպատակ ունեն շրջանցել ԲՀԿ-ին՝ ստեղծելով իրավիճակ, որտեղ հենց ԲՀԿ-ն արդեն կախված կլինի իրենցից»:

Նա նաև հավելեց, որ հատկապես այդպիսի նպատակ ունի Արթուր Վանեցյանը: Ըստ Բադալյանի՝ Վանեցյանը գնացել է այդ քայլին ոչ թե երկրորդ կամ երրորդ համարով խաղալու համար, այլ նա ցանկանում է լինել առաջին համարի խաղացող. «Ամեն դեպքում ընդդիմադիր հատվածում Վանեցյանն ունի շանսեր առաջինը լինելու, բայց կստացվի՞, թե՞ չի ստացվի, դա արդեն այլ հարց է: Մեծ հաշվով դա կախված է նաև նրանից, թե Ռուսաստանն ո՞ւմ վրա ինչպիսի՞ խաղադրույք կկատարի»:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել