1ԳլխավորԼուրերԿարծիքՆերքինՔաղաքականություն

«Իմ քայլը» խմբակցությունում պայթյունավտանգ իրավիճակ չկա. Վահագն Թևոսյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն այսօր հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:

Մանդատից հրաժարվելու մասին ՔՊ անդամը խոսել էր դեռևս օրեր առաջ՝ պատճառաբանելով իր համար անընդունելի ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրումը: Այսօր հրապարակած հայտարարության մեջ, սակայն, պատգամավորը չէր հիշատակել օրեր առաջ բերված պատճառաբանությունը:

365news.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանն ասաց, որ ՍԴ դատավորի թեկնածուի քվեարկության արդյունքները խոսում են թիմային տրամաբանության մասին:

«Բնականաբար, ժողովրդավարությունը ենթադրում է, որ կլինեն մարդիկ, որոնք ինչ-որ թեմային կողմ կլինեն, և կլինեն մարդիկ, որոնք դեմ կլինեն: Եվ որպես կանոն ֆրակցիայում հաղթում է մեծամասնությունը և կատարվում է մեծամասնության պահանջը, ինչպես և ցանկացած ժողովրդավարական համակարգում: 

Ինչ-որ մեկն ընտրվում է որպես թեկնածու կամ պաշտոնյա ու այս թեկնածուն դառնում է նաև մնացածի թեկնածուն ու դա նորմալ է: Բնականաբար, եղել են մարդիկ, որոնք ինչ-որ դիսկոմֆորտ են ունեցել՝ պայմանավորված տարբեր հանգամանքներով, բայց հակափաստարկները, նպատակահարմարության հիմնավորումները և այլն ավելի շատ համոզիչ են եղել մեծամասնության համար, քան մյուս կողմի փաստարկները:

Եթե ինչ-որ մարդ այդ թեմայով դիսկոմֆորտ կարող է ունենա ու մանդատ դնի, կարծում եմ, դա իր իրավունքն է, բայց Գայանե Աբրահամյանն իր տեքստում այլ հիշատակումներ է արել, այլ մեկնաբանություններ է արել, կուզեի, որ ինքը մեկնաբաներ»,- նկատեց նա:

Մեր այն հարցին՝ արդյո՞ք Գայանե Աբրահամյանի օրինակին հետևող այլ պատգամավորներ էլ կլինեն, Թևոսյանն ասաց, որ ինքը նման խոսակցություններ չի լսել:

«Ես նման կոնսուլտացիաների չեմ մասնակցել, ոչ ոք ինձ չի դիմել նման հարցով կամ չի հրավիրել նմանատիպ կոնսուլտացիաների, նմանատիպ խոսակցությունների ներգրավված չեմ եղել, ըստ այդմ, տեղեկություններ չունեմ»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

Ինչ վերաբերում է կուսակցության ներսում պատգամավորների լսելի լինելուն, փոխգործակցության արդյունավետությանը, ՔՊ պատգամավորը հաստատեց, որ ցանկացած պատգամավոր, ցանկացած անդամ լսելի է: Նա նշեց, որ բուռն քննարկումներ լինում են և դա նորմալ երևույթ է:

«Եթե լարված իրավիճակը պիտի պայմանավորված լիներ տեսականորեն նրանով, որ ինչ-որ մարդիկ ուզում են խոսել և չեն կարողանում խոսել, նման բան չկա…մարդիկ, ովքեր ուզում են խոսել՝ խոսում են, և եթե այդ խոսակցությունների ընթացքում ստեղծվում են որոշակի բանավեճին հարիր լարվածություններ, դա նորմալ է:

Եթե դա ենք անվանում լարվածություն, ապա՝ այո: Իսկ եթե ընդհանրապես լարվածություն այն իմաստով, որ ինչ-որ խմորում ներքին կա, ինչ-որ պայթյունավտանգ  իրավիճակ, ապա ես նման բան չեմ նկատել»,- եզրափակեց Թևոսյանը:

Հայկա Ալոյան       

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել