Լուրեր

Երգի դասին երգել կարելի է, իհարկե եթե դրա համար անհրաժեշտ չէ հանել դիմակը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.                    

Երկրում համավարակով պայմանավորված՝ ուսումնական տարին սկսվեց սեպտեմբերի 14-ին: Դպրոցները մինչ այդ հասցրին ստանալ ուղեցույցներ, որոնցով առաջնորդվելով՝ պետք է կազմակերպվեր ուսումնական գործընթացը, սակայն մի հարցի շուրջ դպրոցներում խառնաշփոթ է ստեղծվել: Անհասկանալի է մնացել տարրական դասարաններում երգի դասի կազմակերպման ձևը:

Մինչ ուսումնական տարին սկսվելը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ կկազմակերպվի երգեցողության դասերի միայն տեսական մասը, դասի ժամանակ երեխաները չեն երգի:

Հրապարակված ուղեցույցում, սակայն, նման արգելք չկար: Ըստ այդմ՝ որոշ դպրոցներ ականջալուր եղան նախարարի խոսքին և դասաժամերն անցկացնում են առանց երգեցողության: Որոշ դպրոցներ առաջնորդվեցին ուղեցույցով, և երեխաներն առաջին իսկ օրից երգեր են կատարում դասարաններում:

Իրականում ո՞ր տարբերակն է ճիշտ:

ՀՀ ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երգի դասերը պետք է կազմակերպվեն՝ հնարավորությունները հաշվի առնելով:

«Այն աշխատանքը, որը ծրագրով նախատեսված է, բայց հնարավոր չէ կազմակերպել՝ հակահամաճարակային կանոնները պահպանելով, չի իրականացվում: Երգել, թե ոչ, պետք է որոշեն երգեցողության ուսուցիչները: Եթե երեխաները կարող են դիմակներով երգել, ապա դա հնարավոր է կազմակերպել: Բայց երգեցողության դասն ունի նաև տեսական բաղադրիչ, և դասի ժամանակ երաժշտական դպրոցի ֆունկցիաներ չեն կատարվում, այլ հանրակրթական»,- ասաց Արտաշես Թորոսյանը:

Վերջապես կարո՞ղ ենք ասել, որ երգի դասին արգելված չէ երգելը: Նախարարության փորձագետի պատասխանը հստակ է՝ իհարկե, եթե դրա համար անհրաժեշտ չէ հանել դիմակը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել