ԱրտաքինԼուրերԿարևորՀարցազրույցՔաղաքականություն

Հնարավոր է՝ Իրանի կողմից ՀՀ Անկախության տոնը ուշացումով շնորհավորելը ինչ-որ քաղաքական ուղերձ ունի. Ահարոն Վարդանյան

Հայաստանի անկախության տոնը Իրանի նախագահը նախորդ տարիներին շնորհավորում էր ճիշտ ժամանակին՝ սեպտեմբերին 21-ին: Այս տարի շնորհավորանքը հնչեց բավականին ուշ՝ միայն այսօր՝ սեպտեմբերի 24-ին:

365news.am-ի հետ զրույցում իրանագետ Ահարոն Վարդանյանը ասաց, որ կարևորը շնորհավորանքը ստանալն էր:

«Շնորհավորանք մենք ստացանք ոչ միայն Ռոհանիից, այլ նաև խորհրդարանի նախագահից՝ Ղալիբաֆը նույնպես շնորհավորել է այսօր: Այո, հնարավոր է, որ այս ուշացումը ինչ-որ քաղաքական ուղերձ ունի, բայց կարևորը շնորհավորանքն է, որը մենք ստացել ենք:

Ինչ վերաբերում է նախորդ տարիներին հնչած և այս տարվա շնորհավորանքների միջև տարբերությանը՝ Ահարոն Վարդանյանը նշեց, որ մանրամասն դեռևս չի վերլուծել շնորհավորական ուղերձը, սակայն նախորդ տարիներին ճիշտ ժամանակին են հնչել շնորհավորանքները, իսկ այս տարի՝ ուշացումով:

«Դա կարող է լինել ինչ-որ տեխնիկական խնդիր, ինչպես նաև որոշակի քաղաքական մեսիջ, քանի որ կային որոշ տարաձայնություններ հայ-իրանական հարաբերություններում՝ կապված Իսրայելում Հայաստանի դեսպանության բացման հետ: Բայց ինձ թվում է հարթվել է ամեն ինչ կամ հարթման ճանապարհին է, քանի որ շնորհավորանքն արդեն հնչել է»,- նկատեց իրանագետը:

Ահարոն Վարդանյանը շեշտեց, որ հայ-իրանական հարաբերությունները չպետք է պայմանավորել շնորհավորանքների լինելով կամ չլինելով, քանի որ դա զուտ պրոտոկոլային է. «Մենք շնորհավորանք ստացել ենք, օրինակ, Սաուդյան Արաբիայից, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը, սակայն մեզ հետ չունի դիվանագիտական հարաբերություններ. բավական վատ հարաբերություններ ուներ Հայաստանի հետ, օգնում էր մեր թշնամի պետությանը, բայց շնորհավորել է Հայաստանի Հանրապետությանը: Եթե մենք փորձենք հարաբերությունները դիտարկել այդ մակարդակում՝ դա շատ սխալ կլինի»:

Հայ իրանական հարաբերությունները ունեն բազմաթիվ խութեր, օրակարգ կա, որը ներկա պահին, իմ դիտարկմամբ, այդքան էլ չի իրացվում, և մենք չպետք է հայ-իրանական հարաբերությունները դիտարկենք այն տեսանկյունից, որ եթե շնորհավորել է, ուրեմն ամեն ինչ կարգին է կամ եթե չի շնորհավորել ուրեմն ամեն ինչ վատ է»:

Իրանագետը կարևորեց օրակարգի իրացումը, ինչի, նրա կարծիքով, չկա՝ պայմանավորված տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել