1ԳլխավորԼուրերՀարցազրույցՆերքինՔաղաքականություն

Ես Գևորգ Պետրոսյանին համարում եմ քաղաքական չարիք. Դանիել Իոաննիսյան

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը սեպտեմբերի 23-ին հայտարարություն էր տարածել այն մասին, որ Գևորգ Պետրոսյանին հանձնաժողովից հեռացնելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկելու:

Թեմայի շուրջ 365news.am-ը զրուցել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարող Դանիել Իոաննիսյանի հետ:

Ձեր տարաձայնությունները պարոն Պետրոսյանի հետ ինչի՞ց սկսվեցին:

-Ես Գևորգ Պետրոսյանի հետ վեճ, տարաձայնություն չունեմ էլի: Ես տարաձայնություններ և տարակարծություններ ունեմ հանձնաժողովի անդամների հետ, ունեմ բազմաթիվ հանրային, քաղաքական գործիչների հետ: Ես Գևորգ Պետրոսյանին համարում եմ քաղաքական չարիք: Ես համարում եմ, որ էդ մարդը չպիտի լինի Ազգային ժողովում, որ էդ մարդը չպիտի լինի Սահամանդրական բարեփոխումների հանձնաժողովում: Ես Ազգային ժողովի մասով ոչինչ չեմ կարող անել, բայց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մասով ես ուրբաթ օրը՝ այսինքն վաղը նախաձեռնելու եմ իր հեռացման գործընթացը:

-Հայտարարության մեջ նշել էինք նաև, որ չնայած Գևորգ Պետրոսյանը ստացել է հանձնաժողովի նիստերին մասնակցելու հրավեր, սակայն այդպես էլ չի մասնակցել նիստերին: Ըստ Ձեզ՝ ո՞րն է եղել նիստերին չմասնակցելու պատճառը:

-Պարոն Պետրոսյանը սուտ է ասում՝ ընդ որում գիտակցված սուտ է ասում: Նիստերը կայանում են՝ հեռակա նիստեր են, հիմա որ կորոնավիրուս էր, ու նիստերը Zoom-ով էինք անում, հիմա խնդիրը ո՞րն է: Մենք նիստերը միևնույն է անումն էինք ու էդ հարցերը քննարկում էինք: Երկրորդը՝ արդեն օգոստոսի սկզբերից՝ նույնիսկ օգոստոսի 7-8-ից բոլոր նիստերը առկա են եղել, այսինքն՝ հավաքվել ենք կառավարության շենքում, նսել ենք, քննարկել ենք: Ընդ որում՝ նիստերի հրավերի մեջ նշված է լինում՝ նիստը առկա է, հեռակա, որտեղ ու երբ է լինելու: Գևորգ Պետրոսյանը շատ լավ ծանուցվել է, որ նիստը առկա է, որ կառավարության շենքում է լինելու, երրորդ կամ հինգերորդ հարկում է լինելու: Շատ լավ ծանուցվել է ու հիմա ինչ-որ ստեր է տարածում:

Պարոն Պետրոսյանը թող կողմնորոշվի՝ մեկ ասում է, որ բոյկոտում է, մեկ ասում է, որ նիստերը չեն կայանում, որ մեկ ասում է, որ իմ հետ քննարկելու բան չունի: Անձի երկվություն ունի, ինչ ունի: Թող կողմնորոշվի էլի՝ ինչի՞ ինքը նիստերին չի գալիս: Շաբաթը մեկ մի պատճառ է հորինում:

-Ինչո՞վ եք բացատրում պարոն Պետրոսյանի կողմից նիստերի նկատմամբ ցուցաբերած այս վերաբերմունքը:

-Գիտեք, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում գործ ունեն մի քանի խմբի մարդիկ՝ փաստացի այդպես է ստացվել: Լավ է, թե վատ է՝ դա ուրիշ հարց է: Գործ ունեն հանրության ներկայացուցիչները, խորհրդարանական-քաղաքական ուժերի ներկայացուցիչները և գործ ունեն պրոֆեսիոնալ, լավ գիտնական իրավաբանները: Հիմա Գևորգ Պետրոսյանին հանրության ներկայացուցիչ, մեղմ ասած, չեմ համարում, որ ասեմ, որ ինքը քաղաքական գործիչ է կամ առավել ևս քաղաքական ուժի գործիչ է, չեմ կարող: Քաղաքական ուժ պետք է լինի՝ ի՞նչ քաղաքական ուժ, դա մի հոգուն սպասարկող ուժ է (նկատի ունի ԲՀԿ-ն/ խմբ.) : Ամեն ինչ իր անուններով ասենք, քաղաքական գաղափարախոսություն չունի այդ ուժը: Ի՞նչ է ներկայացնում Գևորգ Պետրոսյանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում… և ոչ էլ իրավաբան է նորմալ: Հա, դիպլոմը ունի, դաս է տալիս շատ կասկածելի որակով, ոչ էլ իրավաբան է նորմալ, գալիս է նիստերին ի՞նչ անի:

Ինքը դրա համար էլ իր վրայից դա գցում է, որովհետև ո՛չ գաղափարախոսություն կա տակը, ո՛չ պրոֆեսիոնալիզմ կա տակը, ոչ էլ հանրությանն է ներկայացնում:

Ուղղակի չգալու երկու ձև կա՝ մեկը այն է, որ այո, մենք ունենք չգալու այդ իրավունքը, լավ եք արել, որ մեզ տվել եք այդ իրավունքը, բայց մենք չենք օգտվում այդ իրավունքից: Մինչև վերջերս այդ կեցվածքով էր՝ մենք էլ ասում էինք՝ լավ, չի գալիս, չի գալիս, բայց այդ չգալով էլ այդ հանձնաժողովի մասին կեղծ լուրեր տարածել, ստեր տարածել, հանձնաժողովի անդամների հասցեին վիրավորական արտահայտություններ անել, էդ արդեն չափ ու սահմանը անցնում է:

-Ո՞ւմ հասցեին է վիրավորական արտահայտություն արել պարոն Պետրոսյանը:

-Առնվազն իմ հասցեին անպարկեշտ հայտարարություններ է արել, որի համար դատական հայց է ներկայացվել իր դեմ: «Թիվի հինգ»-ի եթերում է հնչեցրել իմ հասցեին վիրավորական արտահայտությունը:

-Ձեր հրապարակմանն ի պատասխան՝ պարոն Պետրոսյանը նշել էր, որ Դուք մասնագիտությամբ իրավաբան չեք, սակայն Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում Սահմանադրություն եք գրում: Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս հայտարարությունը:

-Իսկ ո՛վ ասեց, որ սահմանադրական բարեփոխումները միայն իրավաբանները պիտի անեն: Ո՞ր տրամաբանության մեջ է դա: Սահմանադրական բարեփոխումները պետք է հետևյալ տրամաբանության մեջ լինեն՝ հանրության ներկայացուցիչները, տարբեր գաղափարախոսություն կրող ներկայացուցիչները հավաքվում են, խելք խելքի են տալիս, որոշում են կոնցեպտուալ հարցերը, որի հիման վրա իրավաբանները շարադրանք են տալիս: Ամենայն հարգանքով իրավաբանների նկատմամբ՝ իրավաբանների գործը ավելի քիչ բովանդակային պիտի լինի, ավելի տեխնիկական է: Մյուս կողմից էլ, հազար ներողություն, այն փորձը, որ մենք ունենք ընտրությունների ու ժողովրդավարության գործիքների հետ կապված՝ բավականին  լուրջ փորձ է և բավականին լուրջ գիտելիքներ են և բավականին լուրջ հետազոտություններ ենք մենք արել այս հարցերի հետ կապված: Ի՞նչ է, կարող է Գևորգ Պետրոսյանը ինձնից շա՞տ է գլուխ հանում ընտրությունների և ժողովրդավարության գործիքներից: Եվ կարծես թե Գևորգ Պետրոսյանը որևիցէ առարկություն չուներ, երբ որ ես 2018 թվականի ընտրական ռեֆորմի պրոցեսն էի ֆասիլիտացիա անում Արարատ Միրզոյանի հետ՝ պատմաբան Արարատ Միրզոյանի:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել