1ԳլխավորԼուրերՀարցազրույցՆերքինՔաղաքականություն

Ես Իոաննիսյանին չեմ վիրավորել, պարզապես իրերը իրենց անուններով կոչելու ցանկություն կար. Գևորգ Պետրոսյան

365news.am-ը ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ զրուցել է Դանիել Իոաննիսյանի կողմից իր՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից հեռացնելու ուղղությամբ քայլեր կատարելու, դատական գործ հարուցելու մասին:

-Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ քայլեր է ձեռնարկելու Ձեզ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից հեռացնելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեիք իր այս հայտարարությունը:

-Նախ՝ ինքը ինձ հեռացնելու իրավասություն չունի՝ ընդամենը կարող է նման հարց բարձրացնել: Եվ երկրորդ՝ եթե ինձ մի քիչ ճանաչում եք, ապա պետք է վստահ լինեիք, որ Դանիել Իոաննիսյանը այն մարդը չէ, ում հետ ես կարող եմ կոնֆլիկտ ունենալ: Նա այն մարդն է, որ կոնֆլիկտները իր հետ են՝ կապված իր իրավաբանական չիմացության տարբեր դրսևորումների հետ:

-Պարոն Իոաննիսյանի հայտարարության մեջ նշվում էր նաև, որ հանձնաժողովի նիստերին չեք մասնակցել՝ չնայած հրավերները ստացել եք:

-Հետաքրքիր է՝ նա որպես ի՞նչ է մեղադրում: Նա ոչ հանձնաժողովի նախագահ է, ոչ էլ կարգավիճակ ունի, նա ի՞նչ իրավունք ունի ինձ մեղադրել: Մենք հավասար կարգավիճակ ունենք: Տեսեք, որ ես ասում եմ նա իրավաբանորեն անգրագետ անձնավորություն է, և եթե մի տեղ նա մասնակցում է Սահմանադրությունը շարադրելուն, ես այդտեղ անելիք չունեմ:

-Այսինքն, Ձեր՝ նիստերին չմասնակցելու պատճառն այն է, որ հանձնաժողովում ներկայացված են ոչ մասնագետնե՞ր:

-Ես բոլորի մասին չեմ ասում: Առողջական խնդիրներ կան՝ ինչ պատճառով չեմ ներկայանում նաև Ազգային ժողովի լիագումար նիստերին, բայց հատկապես նաև դա է պատճառը, որ եթե մի տեղ Սահմանադրություն է գրում Դանիել Իոաննիսյանը, որը ոչ մի աղերս չունի իրավաբանության հետ, ես այդտեղ անհարմար եմ զգում, որ մասնակցեմ այդ աշխատանքներին:

-Իոաննիսյանի հայցով նաև Ձեր դեմ դատական գործ է հարուցվել՝ իր հասցեին ուղղված հրապարակային վիրավորանք հնչեցնելու համար:

-Ես իրեն չեմ վիրավորել, ես իր մասին ասել եմ այն, ինչ որ կա: Այստեղ վիրավորելու նպատակ չկա, կա իրերն իրենց անուններով անվանելու ցանկություն: Իրենք մի անգամ հայց են ներկայացրել, և դատարանն այդ հայցը բավարար գրագիտություն չունենալու պատճառով հետ է վերադարձրել, հիմա եթե չեմ սխալվում՝ իրենք այդ վերադարձման որոշումը բողոքարկել են: Այսինքն, ինքը հայց ներկայացնելիս այնքան տեղյակ չի իրավաբանությունից, որ նրա ներկայացրած հայցերը դատարանները հետ են վերադարձնում: Եվ դա առաջին դեպքը չի: Հիմա, եթե այդպիսի մարդը մեր երկրի Սահմանադրությունն է գրում, դա մեր ընդհանուր դժբախտությունն է: Ես էլ այդ դժբախտության ընկալումից նեղված նիստերին չեմ մասնակցում:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել