ԱրտաքինԼուրերՔաղաքականություն

Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և Լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին։

Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքացիական հարցերով պատասխանատու Մետյու Պետիտը։

➡️Կողմերը նախ անդրադարձել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցության արդյունավետությանը։

ℹ️ Շրջակա միջավայրի նախարարության հետ ԱՄՆ ՄԶԳ-ի համագործակցությունը սկսվել է դեռևս 2000 թվականին: ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելությունն իր շարունակական աջակցությունն է ցուցաբերում ՀՀ կառավարությանը ջրային ոլորտի ծառայությունները բարելավելու գործընթացում՝ նպաստելով Հայաստանի ջրային ոլորտի հարմարվողականությանը կլիմայի փոփոխության ազդեցություններին և բարձրացնելով ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը։

➡️ Բնապահպանական գերատեսչության և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության համագործակցության արդյունքում 2000թ.-ից սկսած ջրերի կառավարման բնագավառում իրականացվել են մի շարք ծրագրեր՝ ջրային ոլորտի կառավարման ինստիտուցիոնալ և օրենսդրական հզորացման ծրագրերի իրականացման շրջանակներում։

➡️ Նախարար Պետրոսյանն ու դեսպան Թրեյսին քննարկել են նաև 2015թ. մեկնարկած «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագիրը, որի նպատակն է գիտական, տեխնոլոգիական, նորարարական նախաձեռնությունների և շահագրգիռ կողմերի հետ համագործակցության միջոցով աջակցել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը և ջրօգտագործողների կողմից առաջադեմ փորձի կիրառմանը։ Ծրագրի բյուջեն կազմում է մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար։

➡️ Կողմերն անդրադարձել են նաև «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (ՍԻԹԵՍ) թույլտվությունների առցանց տրամադրման համակարգի ներդրմանը, որը կապահովի գլոբալ առևտրի գործընթացի դյուրինացում և անօրինական առևտրի կանխում՝ հատկապես Կոնվենցիայի կողմ հանդիսացող զարգացող երկրների համար, թույլ կտա կրճատել թույլտվությունների տրամադրման ժամանակահատվածը և կկրճատի ծախսվող ռեսուրսների քանակը, կբարելավի ծառայությունների մատուցման որակ և կկատարելագործի լիազոր մարմինների հսկողական գործառույթները, փոխգործակցությունը և տեղեկատվության փոխանակումը։

Նախարար Պետրոսյանն իր գոհունակությունն է հայտնել համատեղ իրականացվող ծրագրերի որակի վերաբերյալ և առանձնահատուկ շեշտել, որ միջազգային համագործակցությունը Շրջակա միջավայրի նախարարության գործունեության առաջնային ուղղություններից է, և նախարարությունը պատրաստ է հետայսու ևս սերտ և գործընկերային մթնոլորտում ձեռնամուխ լինել երկկողմ նախագծերի իրականացմանն ու նոր ծրագրերի մեկնարկին։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել