ԱրտաքինԼուրերՔաղաքականություն

Ադրբեջանական սադրանքից հետո Զաքիր Հասանովի՝ նման մտահոգված արձագանքը կանխատեսելի է. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, ըստ որի՝ նա հրաման է տվել պահպանել անձնակազմի մարտական բարձր պատրաստվածությունն ու զգոնությունը: «Ադրբեջանական սադրանքից հետո պաշտպանության նախարարի նման մտահոգված արձագանքը լիովին կանխատեսելի է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շուշան Ստեփանյանը:

Հասանովը, անդրադառնալով առաջնագծում տիրող իրավիճակին, նշել է, որ հրաման է տվել նաև անհապաղ և վճռականորեն կանխել «Հայաստանի ԶՈւ-ի կողմից տարբեր ուղղություններով հնարավոր լայնածավալ սադրանքները»:

Այս հայտարարությունը հաջորդում է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ցուցաբերած ակտիվությանը, երբ փորձել է ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ: Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «Ստեղծված իրավիճակի և սահմանային լարվածության աճի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հայտնել է ՀՀ ՊՆ-ն:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել