1ԱրտաքինԳլխավորԼուրերԿարծիքՔաղաքականություն

Լուկաշենկոյի պես մարդուն սատարելը Հայաստանի համար վտանգավոր առևտուր է. Կիրակոսյան

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Բելառուսում մարդու իրավունքների պաշտպանության հարցով քվեարկությանը ձեռնպահ քվեարկելու մասին որոշումը մի կողմից կարելի է հասկանալ, բայց մյուս կողմից կարող է նաև որպես սխալ դիտվել: Այս մասին 365news.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ Բելառուսում մարդու իրավունքների պաշտպանության հարցում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ձեռնպահ քվեարկելուն:

«Դա կարելի է հասկանալ Բելառուսի հետ սերտ կապեր պահպանելու ձգտման տեսանկյունից, որը հանդիսանում է և՛ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ), և՛ Եվրասիական տնտեսական միության գործընկեր»,- նշեց քաղաքագետը:

Վերջինս նկատեց, որ չնայած այս որոշումը վերաբերում էր ոչ թե Ռուսաստանին, այլ ավելի շատ Բելառուսին, Հայաստանը պետք է դրա դիմաց ինչ-որ բան ակնկալի Լուկաշենկոյից. «Գուցե Բելառուսի կողմից ավելի շատ աջակցություն Հայաստանին Եվրասիական տնտեսական միության քաղաքական և տնտեսական հարաբերությունների շրջանակներում կամ էլ հնարավոր է՝ Բելառուսից ավելի քիչ աջակցություն Ադրբեջանին»:

Մեր զրուցակիցը նշեց, որ այդ քվեարկությունը շատ այլ պատճառներով նաև կարող է դիտվել որպես սխալ Հայաստանի կառավարության համար, քանի որ մեր իշխանությունները հպարտանում են իրենց՝ 2018 թվականին ոչ բռնի իշխանության գալով, ուստի` Բելառուսում մարդու իրավունքների կոպիտ չարաշահումների վերաբերյալ լռելը ոչ միայն անպատասխանատվություն է, այլ նաև կեղծավորություն:

Ըստ Կիրակոսյանի` այս ամենում Հայաստանի համար ավելի խոր վտանգ կա՝ գտնվել պատմության սխալ կողմում և չափազանց մոտ լինել բռնապետերին:

«Չնայած Բելառուսին աջակցությունն ընկալվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ «իրական քաղաքականության» ուժեղ ռազմավարության հետապնդում, այնուամենայնիվ, դա վնասում է Հայաստանի դիրքին և հեղինակությանը: Երբ Հայաստանը կորցնի «թավշյա հեղափոխության» այդ հեղինակությունը, մեզ սպասվում է երկարատև և ծանր պայքար` վերականգնվելու և դրական իմիջն աշխարհում վերականգնելու համար: Եվ ի՞նչ գնով: Լուկաշենկոյի պես մարդուն սատարելը, որն այժմ չի հապաղում հարձակվել իր ժողովրդի վրա, մեզ համար, անշուշտ, վտանգավոր առևտուր է»:

Մելինե Պետրոսյան

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել