1ԳլխավորԼուրերՀարցազրույցՆերքինՏնտեսությունՔաղաքականություն

Ի տարբերություն տարածաշրջանի մյուս երկրների՝ Հայաստանը 2021-ին տնտեսական այդքան մեծ կորուստներ չի ունենա․ Համբարձումյան

365news.am-ի զրուցակիցն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը

-Մի շարք երկրներից ներկրվող հագուստի մաքսազերծման պայմաններն են փոխվել: Ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը:

-Դա կարգավորվում է ԵԱՏՄ օրենքներով: Ինչպես գիտեք՝ մենք ԵԱՏՄ անդամ պետություն ենք և պետք է մեր օրենքները կարգավորենք ԵԱՏՄ օրենքներին համահունչ: Այդ իսկ պատճառով այս իրավիճակն ունենք: Որքանով ես տեղյակ եմ՝ ՊԵԿ-ում քննարկումներ կան, մեր հանձնաժողովում ևս պատրաստվում ենք ունենալ քննարկումներ այս հարցի շուրջ, որպեսզի գտնենք ամենալավ, ամենաընդունելի լուծումը թե՛ տնտեսվարողների, թե՛ պետության համար: Մենք այդ ընդունելի լուծումը պետք է գտնենք, որպեսզի չունենանք ԵԱՏՄ օրենքների խախտումներ: Օրենքը բոլորիս համար է հավասար: Եթե չեմ սխալվում՝ վարչարարակական առումով ևս կարող ենք խնդիրներ ունենալ. մենք այդ ամեն ինչը հանձնաժողովում քննարկում ենք: Այս փոփոխության ֆոնին մենք կարող ենք ունենալ նաև տեղական արտադրանքի ծավալների ավելացում: Մենք չպետք է միանշանակ նայենք, թե ինչի այս փոփոխությունը եղավ: Այս հարցերի շուրջ քննարկումների ժամանակ մենք կդիտարկենք բոլոր կողմերը՝ թե՛ դրական, և թե՛ բացասական, կկարգավորենք դաշտը, որպեսզի հետագայում խնդիրներ չլինեն:

-Առաջարկներ կան, որպեսզի հագուստ ներկրող գործարարներին ներառեն ներքին տեքստիլ արտադրության պրոցեսի մեջ, որպեսզի բիզնես կորցնող կամ մեծ կորուստներ ունեցող փոքր և միջին ձեռնարկատերեր չլինեն: Իրատեսակա՞ն են նման առաջարկները:

-Դա պարզ կլինի քննարկումների ժամանակ՝ բոլոր առաջարկները, տեսակետները, հարցերը կքննարկենք ու կգտնենք ոսկե միջինը, որպեսզի բոլորի համար ամեն ինչ լավ լինի: Ես ոչինչ բացառել կամ չբացառել չեմ կարող, մենք պիտի բոլոր կողմերին լսենք և նոր վերջնական դիրքորոշում հայտնենք: Ամեն ինչ արվելու է, որ մի շարք երկրներից հագուստ ներկրող գործարարների համար գտնենք հնարավորինս քիչ կորուստ ապահովող լուծումը: Մենք կանենք այնպես, որ այնպիսի լուծում գտնենք, որ լինի առաջին հերթին ի շահ Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացու:

-Կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին են խոսում: Հայաստանի տնտեսությունը պատրա՞ստ է դիմակայել նոր ճգնաժամին:

-Ես կարծում եմ՝ մենք պատրաստ ենք երկրորդ ալիքին, եթե դա լինի, որովհետև բոլոր միջազգային կանխատեսումներով, նաև իմ կարծիքով, մենք տարածաշրջանում ամենաքիչ տնտեսական անկումն ենք գրանցել: Նաև 2021 թվականին մենք կգրանցենք լավ ցուցանիշներ: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ մենք կարող ենք թեկուզ երկրորդ ալիքին դիմակայել: Եթե չեմ սխալվում՝ Կենտրոնական բանկը ապրիլին տվել էր 4,4 տոկոս կանխատեսումներով, բայց ես կարծում եմ՝ կլինի մոտավորապես 4-6 տոկոս:

2021 թվականին, վստահ կարող եմ ասել, որ տարածաշրջանում մենք տնտեսական աճի առումով այդքան կորուստներ չենք ունենա, որքան որ տարածաշրջանի մյուս երկրները: Կորոնավիրուսը չարիք է, և պիտի կարողանանք այս իրավիճակին դիմակայել ու ի շահ մեր երկրի ու մեր քաղաքացիների դուրս գալ: Ես կարող եմ միայն կանխատեսումներով խոսել: Եթե չեմ սխալվում, այսօր կան պետություններո, որոնց մոտ բավականին բարձր են կորոնավիրուսով վարակման թվերը ու, միանշանակ, ապագայի մասին վստահաբար խոսել չեմ կարող: Կարծում եմ՝ մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, կայուն է և Աստված մի արասցե, եթե սրանից ավելի ուժեղ ալիք լինի, մեր իշխանությունները, մեր օրենսդիր իշխանությունները կարող են դիմակայել, բայց երբեք չասենք երբեք՝ չգիտենք, թե հետագայում ինչ կարող է լինել:

Զրուցեց Հայկա Ալոյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել