1ԳլխավորԼուրերԿարծիքՆերքինՔաղաքականություն

Հարուստների երեխաները երբեք էլ չեն ծառայել, չեն էլ ծառայելու․ կարծիքներ` նոր օրինագծի մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Մխիթար Հայրապետյանը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել: Նրանք առաջարկում են, որպեսզի 27 տարին լրացած անձը կառավարության որոշմամբ սահմանված կարգով վճարի շարքային կազմի պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումար և ազատվի քրեական պատասխանատվությունից։

365news.am-ի հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ նախկինում սահմանված կարգով 27 տարին լրանալուց հետո զինծառայություն չանցած անձինք որոշակի փոխհատուցումներ անելուց հետո իրավունք են ստացել վերադառնալ հայրենիք:

«Հիմա ես չգիտեմ՝ փոխհատուցման չափերը համապատասխանում են, թե չեն համապատասխանում: Բայց, ընդհանուր առմամբ, ես գտնում եմ, որ մենք այնպիսի իրավիճակում ենք գտնվում՝ և՛ ռազմաքաղաքական, և՛ անվտանգային, և՛ նաև մեր երկրի ներսում գաղափարական առումով, որ բոլորը պետք է ծառայեն հայրենիքին: Սահմանադրության համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքացի, 18 տարեկան արական սեռի ներկայացուցիչ իր պարտքը պետք է տա: Այնպես չպետք է լինի, որ այդ նախագծով տարբերակումներ դրվեն՝ աղքատների, հարուստների բաժանում լինի»,- ասաց Սեյրան Օհանյանը:

«Ազատամարտիկների դաշինքի» համակարգող խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ միշտ էլ համաներում կիրառվել է, և ովքեր հանրապետությունից բացակայել են կամ տարբեր ճանապարհներով խուսափել են ծառայությունից, համապատասախան գումարը վճարելով, կարողացել են քրեական պատասխանատվությունից խուսափել:

«Եթե այս քայլին իշխանությունը չգնա, պիտի այդ մարդկանց ավտոմատ զրկենք հայրենիք վերադառնալու հնարավորությունից: Իհարկե, նման ամնեստիաներ եղել են, ուրիշ հարց է, որ հիմա իշխանության վերաբերմունքը թույլ է տալիս, որ մարդիկ այլևս չխուսափեն, որովհետև եթե այն նեգատիվ երևույթները վերանան բանակից, մարդիկ մտածված չեն խուսափի: Իսկ մարդիկ, ովքեր ճակատագրի բերումով օտարության մեջ կլինեն ու չեն կարողանա ծառայել, կվերադառնան, կվճարեն այն մարդկանց փոխարեն, ովքեր իրենց փոխարեն ծառայել են»,- ընդգծեց նա:

Ազատամարտիկը նկատեց, որ փոխհատուցման գումարը հնարավորինս բարձր գին պետք է լինի, որպեսզի ոչ թե միայն նրանք ազատվեն ծառայությունից, ում հասու է դա, այլ բոլոր նրանք, ովքեր այդ գումարը վճարելու հնարավորություն չեն ունենա ու վերադառնալով հայրենիք՝ ծառայելու մասին մտածեն:

«Պետք է մարդկանց հնարավորություն տալ՝ վերադառնալու Հայաստան հատկապես, որ վերջին վեց-յոթ ամիսներին շատ մարդիկ կան, որոնք կորոնավիրուսի հետ կապված՝ չեն կարողացել գալ ու պետք է վերադառնան մինչև իրենց 27 տարին լրանալը»,- նշեց Ռազմիկ Պետրոսյան:

Ինչ վերաբերում է այս նախագծի հնարավոր բացասական ազդեցություններին՝ Ռազմիկ Պետրոսյանը նկատեց. «Բանակին վնաս չի տա, որովհետև հիմա, անկախ ամեն ինչից, այս ռազմական վիճակը նոր չէ: Վերջին տարիներին առաջնագծում պաշտպանությունն իրականացնում են բացառապես պայմանագրային զինծառայողները: Հիմա մենք պրոֆեսիոնալ բանակի ենք անցնում, և այո, այստեղ ավելի շատ գումարի խնդիր կա»:

«Ազատամարտիկների դաշինքի» համակարգող խորհրդի անդամն ասաց, որ այլ խնդիր էլ կա, երբ քաղաքացիները, ծառայություն իրականացնելով, պետության հանդեպ իրենց պարտքը կատարելու հարցն են լուծում: Ազատամարտիկն առավել կարևորում է քաղաքացու կողմից պետության նկատմամբ պարտքի կատարումը:

Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն էլ իր հերթին ընդգծեց, որ այս նախագիծը հիմնականում վերաբերում է այն մարդկանց, ովքեր չեն ծառայել, խուսափել են ծառայությունից:

«Կարծում եմ, որ նորմալ նախագիծ է: Եթե մեկը մտքին դրել է իր էրեխուն փախցնի տանի, ջհանդամին, թե չի փախցնի, դրան ի՞նչ անենք: Պատերազմի ժամանակ հասկանալի էր, որ փախցնում էին, տանում էին, հիմա պատերազմ չէ, որ փախցնեն տանեն: Կգտնվեն մարդիկ, որոնք կգնան դրան: Այն ժամանակ փողը քիչ էին մուծում՝ ինչքան գիտեմ` մեկ միլիոն ու կես էր, հետո երկու միլիոն դարձավ, իսկ հիմա դառնալու է մոտավորապես 3,5 միլիոնի չափ՝ դա քիչ փող չէ:

Հիմնականում այն հարուստների տղաները, որոնք չեն ծառայել, այդ եղանակով կարող են ազատվել ծառայությունից: Բայց չէ՞ որ մինչև 27 տարեկանն իրենք փախուստի մեջ են գտնվում և նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվում»,- ասաց Մելքոնյանը:

Ըստ նրա՝ այս նախագիծը չի խորացնի ունևոր և աղքատ խավերի միջև եղած բաժանարար գիծը:

«Հարուստների երեխաները երբեք էլ չեն ծառայել ու չեն էլ ծառայելու: Եթե ծառայում են, ապա ծառայելու են թիկունքային զորամասերում: Այդ մարդիկ արդեն տարիներ շարունակ փախած են և իրենց հարցը պետք է լուծվի՝ կամ գումար պիտի վճարեն, կամ գնան, նստեն: Վաղը մյուս օրը իրենք էլի կծառայեն՝ մոբիլիզացիա կարվի և այլն»,- նշեց Գագիկ Մելքոնյանը:

Նախկին փոխնախարարը նկատեց, որ այս նախագիծը որևէ կերպ չի ազդի բանակի մարտունակության վրա:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց, որ նախագիծը դեռևս ուսումնասիրման փուլում է, երբ ուսումնասիրումն ավարտվի, ՊՆ-ն հանդես կգա հայտարարությամբ:

Հայկա Ալոյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել