1ԳլխավորԼուրերՀարցազրույցՆերքինՔաղաքականություն

Վստահ եմ` առաջադրումից առաջ ՍԴ դատավորի բոլոր թեկնածուներն էլ ինչ-որ ձևով հավաստիացրել են իշխանություններին, որ վերահսկելի են․ Էդմոն Մարուքյան

365news.am-ի զրուցակիցն է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը

– Ինչպե՞ս եք գնահատում ՍԴ երեք դատավորների քվեարկությունը։

– Քվեարկությունը գնահատում եմ իշխանության ամբողջատիրական բնույթի համատեքստում, որովհետև եթե իշխանությունը ներքին ժողովրդավարություն ունենար, ապա անհնար եմ համարում, որ այդքան ձայն կհավաքեին դատավորները։ Որովհետև ակնհայտ էր և դա անգամ ելույթներից էր երևում, որ գոնե մի 20-25 հոգի դեմ է։ Դա երևում էր պատգամավորների ելույթներից, պահվածքից, հարցազրույցներից։

Հետևաբար անհնար էր 80 ձայն հավաքել։ Այսինքն` հստակ եղել է վարչապետի հրահանգը, որ ով որ չքվեարկեց, ձեր հալը կտեսնեք և այլն։ Դա զուտ որոշում կայացնելու իմաստով եմ ասում։ Մնացած մասով, ըստ էության, դեռևս հունվար-փետրվար ամիսներին ես ասել եմ, որ ՍԴ ճգնաժամ չկա։ Ասվում է, որ ճգնաժամ կա, որպեսզի խնդիր լուծվի` ունենալ հլու-հնազանդ դատավորներ։ Որովհետև եթե խնդիրը Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ աշխատած դատավորներն էին, այս պարագայում պարոն Խունդկարյանը ոչնչով լավը չէ տիկին Գյուլումյանից կամ Շաթիրյանից, կամ պարոն Ֆելիքս Թոխյանից։

Արթուր Վաղարշյանի մասին էլ կարող եմ բան ասել։ Ես չեմ ուզում հիմա անձերին քննարկել։ Նրանք չափանիշներին համապատասխանող մարդիկ էին։ Ըստ չափանիշների, ըստ կրթության, այո, ըստ անցած ճանապարհի` կարող էին լինել ՍԴ դատավոր։ Բայց քաղաքական տեքստը հայտարարված, թե ինչ են ուզում անել ՍԴ-ի հետ, չի համապատասխանում այս մարդկանց անցած ճանապարհին, և հետևաբար, ըստ այդ տեքստի, նրանք չպետք է լինեն ՍԴ դատավոր։ Հետևաբար այն, ինչ մենք ժողովրդին հունվարին ասել ենք, որ, ժողովուրդ ջան, ձեզ խաբում են ասելով, որ դատավորները խայտառակ վիճակում են և դա այդպես է, բայց դրանց լուծումը ՍԴ դատավորների փոփոխությունն է, դա այդպես չէ, որովհետև ՍԴ փոխելով` Առաջին ատյանի վրա ազդեցություն չի լինելու, Վերաքննիչի վրա ազդեցություն չի լինելու, Վճռաբեկում չի լինելու։

Բայց այդ դատարաններում են մարդկանց 7 տարվա տեղը 8 տարի դատել, այնտեղ են մարդկանց տները քանդել, շենքը խլել, բնակարանը խլել, հողը կիսել, մարդիկ ուզում են ամուսնալուծվել, չեն կարողանում ամուսնալուծվել, մարդիկ տարիներով սպասում են իրենց դատական որոշումներին, այդ բոլորն արվել են Առաջին ատյանի, Վերաքննիչ, Վճռաբեկ, Վարչական դատարաններում, որոնք ոչ մի կապ չունեն ՍԴ 9 դատավորների հետ։ Այսինքն` խաբեության, ստի, կեղծիքի, ստահոդ (հիշո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ստահոդ, ստահոդ) քարոզարշավ է երկրում մղվել առ այն, որ դուք ուզում եք արդար դատարան, ժողովուրդ, մենք դա ձեզ համար ենք անում։

ՍԴ-ի այս գործընթացը ժողովրդի հետ կապ չունի։ Հետևաբար, վերջին հաշվով, նրանք գտան մարդիկ, որոնք պատրաստ են կատարել նրանց հրահանգները, ԱԺ բարձր ամբիոնից հրապարակային ասացին իրենց մասին կոմպրոմատները, օրինակ, Խունդկարյանին ասացին, թե ինչ գիտեն իրենց մասին, Շաթիրյանին ասացին և ընտրեցին։

– Այսինքն` կոմպրոմատներով հասկացրեցին, որ վերահսկելի՞ են։

– Կոմպրոմատը, գիտե՞ք ինչ՝ կոմպրոմատը պիտի գաղտնի լինի։ Բայց այս պարագայում հրապարակային արեցին։ Օրինակ` եկամուտներդ չի համապատասխանում եղածդ գույքի և փողերի հետ, Ա1+ ես փակել, ինչ կար` ասացին։ Այսինքն` իրենք մարդկանց տարան ՍԴ, որոնք, իմ կարծիքով, ավելի վատն էին, քան տիկին Գյուլումյանն էր։

– Այսինքն` կոմպրոմատներն ասացին, որպեսզի ցույց տան, որ ՍԴ դատավորները վերահսկելի՞ են։

– Այո։ Ավելին ասեմ՝ վստահ եմ, որ առաջադրումից առաջ բոլորն էլ ինչ-որ ձևով հավաստիացրել են իշխանություններին, որ վերահսկելի են։

– Բայց Արթուր Վաղարշյանին կարծես թե մտադիր չէին ընտրել մինչև երեկ երեկոյան։

– Վաղարշյանին չեմ ուզում խառնել, որովհետև Վաղարշյանն իրավիճակի բերումով է հայտնվել այդտեղ և Վաղարշյանի պարագան այլ է։ Բայց ինչո՞ւ ընտրեցին, որովհետև իշխանության առաջ խնդիր է դրված արագ լրացնել այդ 3 թափուր տեղերը։ Իշխանության ներքին որոշումն այսպիսին էր՝ ով էլ որ լինի, ձեզ կլսի, ընտրեք։ Ինչո՞ւ, որովհետև միջազգային կառույցներում, որտեղ ես եմ ներկայացրած, մենք ունենք պրոբլեմներ, որ ռեկոմենդացիաները չեն իրականացվել և ՍԴ ռեֆորմը պետք է արվեր այնպես, որ ՍԴ-ն միշտ պետք է ունենա 9 դատավոր։

Խորհրդարանի վրա օրինակ բերեմ. ցանկացած պատգամավորի մանդատ, որ դադարում է, ԿԸՀ-ն արագ մանդատ է տալիս հաջորդին։ Այսինքն` խորհդարանը միշտ պետք է ունենա 132 պատգամավոր։ Նույնն էլ վերաբերում է Սահմանադրական այդ մարմնին։ Իսկ ՍԴ-ն ամիսներ շարունակ չունի 9 դատավոր։ Հետևաբար այս բեռի տակ իշխանությունը ճկռում էր, ու որպեսզի նորից չընտրեր, նորից այս պրոցեսը չձգձգվեր, ստիպված Վաղարշյանին էլ ընտրեցին, որպեսզի այդ 9-ը լրանա։

– Այսօր Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ ՍԴ դատավորների ընտրության քվեարկությանն ընդդիմադիր պատգամավորների չմասնակցելը նշանակում է, որ դուք դեմ եք դատական բարեփոխումներին։ Ինչո՞ւ եք դեմ։

– Ես քիչ առաջ ասացի, որ այս փոփոխությունները դատական բարեփոխումների հետ կապ չունեն։ Տիկին Մակունցին շատ հարգում և սիրում եմ, բայց նա պիտի իմանա, որ դատական իշխանություն երբ ասում ենք, նկատի ունենք եռաստիճան դատական համակարգը, որը բաղկացած է Առաջին ատյանի դատարանից, Վերաքննիչ դատարանից, Վճռաբեկ դատարանից, այդ թվում` նաև մասնագիտացված Վարչական դատարանից։ Հետևաբար այս փոփոխությունները ոչ մի կապ չունեն այս մարմինների հետ, որտեղ հազարավոր ՀՀ քաղաքացիներ ամենօրյա ռեժիմով կեղեքվում են և սպասում են արդար որոշումների, որոնք տեղի չեն ունենում։

– Բայց նրանք նախաձեռնել են դատական բարեփոխումներ, որոնք առանց ՍԴ-ի բարեփոխման հնարավոր չէ անել։

– Դա հեքիաթ է, դա սուտ է, դա խաբեություն է, ամիսներ շարունակ խաբել են մեր ժողովրդին։ ՍԴ-ն առանձին մարմին է, առանձին ինստիտուտ է և մեկը մյուսի հետ չի կարելի փոխկապակցել։ Այո, այն գործերով, որոնցով դատարանների կայացրած վճիռը կարող է սահմանադրականության հարց ունենալ, դիմումատուն, ՀՀ քաղաքացին, իրավախախտման զոհը կարող է դիմել ՍԴ-ին։ Հիմա վերցրեք ՍԴ վիճակագրությունը և տեսեք, թե ՀՀ քանի՞ քաղաքացի է դիմում ՍԴ ու քանի՞ քաղաքացու գործեր են փտում լռված, մի տեղից մյուս տեղ տշում քաղաքացու գործը` Առաջին ատյանի, Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններում։ Ինչի՞ մասին է խոսքը։

Ես կարող եմ ասել, որ պարոն Խունդկարյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի նախագահ արդեն հեղափոխությունից հետո ՀՀԿ մեծամասնության կողմից։ Սերժ Սարգսյանն է հրահանգել ՀՀԿ-ին ընտրել պարոն Խունդկարյանին։ Ես դա նոր եմ իմացել։ Մենք այն ժամանակ հանդիպել ենք, շատ պարկեշտ, շատ կիրթ, մտածել ենք նորմալ թեկնածու է։ Բայց հիմա նոր իմանում ենք, որ Սերժ Սարգսյանը հրահանգել է, որ ընտրեն պարոն Խունդկարյանին։ Եվ դա չի կարող հիմա, երբ ես գիտեմ, չիմանալ Նիկոլ Փաշինյանը։

Հիմա ո՞նց կարող է, որ Սերժ Սարգսյանն անմիջապես հեղափոխությունից հետո, չլինելով ՀՀ նախագահ, բայց ունենալով քաղաքական մեծամասնություն, նրանց ասում է` ընտրեք պարոն Խունդկարյանին ու ինքը ընտրվում է, ո՞նց է լինում, որ հետո այդ շահերը համընկնում են Նիկոլ Փաշինյանի շահերի հետ։

– Դա ինչո՞վ եք բացատրում։

– Բացատրում եմ նրանով, որ մարդը, որն ընտրվում է, համաձայն է ծառայել օրվա իշխանությանը։ Այն ժամանակ այն իշխանություններին է համաձայնվել ծառայել, հիմա համաձայն է այս իշխանությանը ծառայել։

– Պարոն Մարուքյան, այսօր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարել է, որ ինքն ունի փաստեր, որ ընդդիմությունն այնքան իրարամերժ և ապակողմնորոշող տեղեկություններ է հայտնել հանրությանը, որ ավելի շատ վնասել է համավարակի հաղթահարմանը։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ հազարից ավելի մահերի համար ձեր դեմ քրեական գործ հարուցվի։

– Դա ձեր մեկնաբանությունն է։ Տիկին Նազարյանն ինձ հարց է տվել իմ զեկույցի ժամանակ, որ ընդդիմությունը խանգարել է։ Ես տիկին Նազարյանին մի քանի իրազեկիչ պատասխան եմ տվել։ Իրազեկում առաջին՝ ընդդիմություն են համարվում ՀՀ պետռեգիստրում գրանցված բոլոր քաղաքական ուժերը, բացի «Իմ քայլը» դաշինքից։ ՔՊ-ից և «Առաքելություն» կուսակցություններից բացի, բոլոր ուժերը համարվում են ընդդիմություն, որովհետև կառավարությունում պորտֆելներ, նախարարական տեղեր չունեն։

Սա ըստ մեր կանոնակարգի և Սահմանադրության մասով։ Հետևաբար տիկին Նազարյանը պետք է ասի, թե ով ինչ է արել։ Երկրորդ` հազար և ավելի մահերի համար աշխարհում որևէ դասավորության մեջ, եթե, իհարկե, Հյուսիսային Կորեայի մասին չէ խոսքը, որտեղ ընդդիմություն չկա, ընդդիմությունը չի կարող լինել մեղավոր, որովհետև ընդդիմությունը որոշումներ կայացնող մարմին չէ։

Ընդդիմությունը չի որոշել Հայաստանի սահմանները ուշ փակել, ընդդիմությունը չի որոշել, օրինակ, Իտալիայի չվերթն ուշ չեղարկել, ընդդիմությունը չի որոշել առողջ մարդկանց տեղավորել «Մարիոթ» հյուրանոցում, որպեսզի նրանք 14 օր ապրեն և սնվեն պետության հաշվին և ընդդիմությունը չի որոշել հազարավոր այլ որոշումներ, որոնք քննիչ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի։ Իրենք ի՞նչ են ուզում անել։

Ամբողջ կորոնավիրուսի ժամանակ սկզբից էջմիածնեցի կինն էր մեղավոր, հետո չգիտեմ` ով էր մեղավոր, հետո ամբողջ ժողովուրդն էր մեղավոր։ Իրանք, անգլերեն ասած, «վիքթիմ բլեյմինգի» վրա են կառուցել ամբողջ կամպանիան, այսինքն, զոհին մեղադրելու վրա։ Հիմա այս պարագայում ընդդիմությանն են մեղադրում այն դեպքում, որ այս մենեջմենթը, այսինքն, համավարակի մենեջմենթն այնքան վատ ու ձախողված է եղել, որ եթե անգամ ուզեին նպատակային կորոնավիրուսը տարածել, չկարողանային այդքան լավ տարածել, որքան հիմա տարածվել է։

Հետևաբար ես, շատ հարգելով իմ գործընկերների փաստարկները, իրենց խորհուրդ եմ տալիս հետևյալը՝ այս հանձնաժողովն ընդդիմության գործողություններն ուսումնասիրելու մասին չէ, այս հանձնաժողովը կառավարության և պարետատան գործողությունները ուսումնասիրելու մասին է։ Եթե նրանք ցանկանում են ընդդիմության գործողություններն ուսումնասիրել, ես առաջարկում եմ քննիչ հանձնաժողով ստեղծել ընդդիմության գործողություններն ուսումնասիրելու համար COVID-ի ամբողջ ընթացքում։

– Բայց սա մեղադրանք է, այնուամենայնիվ։

– Դա մեղադրանք է, հարց էր տալիս՝ դա՞ էլ է ուսումնասիրվելու, ես էլ իրեն պատասխանեցի։ Իսկ մեղադրանքի մասով՝ ես որևէ բան քաղաքականության մեջ չեմ բացառում, հիմա կարող է իմ նկատմամբ գործ հարուցեն ձեզ հարցազրույց տալու համար։

Քաղաքականության մեջ նման բաներ լինում են, բայց չեմ կարող երևակայությունս այնքան սրել, որ մտածեմ, որ կարող է որևէ ընդդիմադիր մեղադրվի այն բանում, որ Հայաստանում որևէ մեկը մահացել է կորոնավիրուսից։

– Պարոն Մարուքյան, իշխանությունը հաճախ է ասում, որ իր ընդդիմությունը պետք է լինի հեղափոխությամբ ծնված։ Այսինքն` նախկինների հետ ոչնչով կապված չլինի։ Սա չի՞ նշանակում, որ ձեզ այնքան էլ ընդդիմություն չեն ընկալում։

– Ես չգիտեմ, թե ով է մեզ ընդդիմություն ընկալում։ Ժողովուրդը մեզ ընդդիմություն է ընկալում, որովհետև մենք դարձել ենք ռեանիմացիայի նման մի բան։ Մարդիկ ինչ խնդիր ունենում են, բոլոր մարմիններին դիմելն սպառելուց հետո ուղիղ գալիս են մեզ մոտ։ Եթե մենք չենք ընդդիմությունը, մեզ մոտ չպիտի գան, մենք չպետք է ունենանք այդքան ինֆորմացիա, մենք չպետք է ունենանք այդքան դիմող, մենք չենք կարող այդքան տեղեկությունների շտեմարան բացել և հետո դա օգտագործել որպես ելույթ, որպես նախաձեռնություն, որպես օրենք։

Ինչ վերաբերում է իշխանության հայտարարություններին, որ ընդդիմությունը պետք է հեղափոխության ծնունդ լինի, այս խորհրդարանն ամբողջությամբ հեղափոխության ծնունդ է։ Այս խորհրդարանում կա քաղաքական երեք ուժ՝ «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան»։ Չլիներ հեղափոխություն, չէր լինի այս խորհրդարանը, հետևաբար եթե այդ մեկնաբանությամբ ենք գնում, այս խորհրդարանը հեղափոխության ծնունդ է, իսկ թե ուրիշ ինչ նկատի ունեն հեղափոխության ծնունդ ասելով, չեմ կարող ասել։

Ինչ վերաբերում է նախկիններին. նախկին լինելը միայն ֆիզիկական անձ չէ, դա նաև վատ արարք է։ Նախկինները բացասական իմաստով են հիշում։ Եթե նախկիններն ասվում է բացասական իմաստով՝ ինչո՞ւ։ Որովհետև նախկիններն ընտրություններ են կեղծել, իշխանության եկած մարդիկ կաշառք են վերցրել, կոռուպցիա են արել, բանտերում մարդկանց են խոշտանգել, քաղաքական հետապնդումներ են արել։

Հիմա եթե այդ նույն բաներն այսօրվա ամենաթարմ քաղաքական իշխանությունն անի, նա ինձ համար հավասար է նախկինի։ Ինձ համար ի՞նչ տարբերություն՝ մարդու իրավունքներն ո՞վ կոտնահարի։

Օրինակ` Երվանդ Խունդկարյանը նախկի՞ն է։

– Ինչ վերաբերում է Խունդկարյանին, ես ասացի, որ նա Վճռաբեկ դատարանի նախագահ է դարձել Հանրապետական մեծամասնություն ունեցող խորհրդարանի կողմից Սերժ Սարգսյանի հրահանգով։ Եթե չլիներ Սերժ Սարգսյանը, չէր ընտրվի նա։

– Այսինքն` նախկին է։

– Ես չեմ ուզում դա ասել, որովհետև զերծ եմ մնում այդ բառից, դա իմ հռետորաբանությունը չէ։ Որովհետև այդ նույն տրամաբանությամբ հազարավոր պրոֆեսիոնալներ, որոնք աշխատել են նույն նախկին իշխանության օրոք քաղաքացիական ծառայության տարբեր դասերում, նույն ձեր ասած դատական իշխանությունում, իրավապահ համակարգում, ցանկացած տեղ, այսինքն, ո՞նց՝ այդ մարդկանց ներուժը մենք չե՞նք օգտագործել մեր երկրի համար։ Դա քաղաքական ֆաշիզմ է, ո՞նց կարելի է դրա մեջ խորանալ։ Ինձ համար նախկին է նա, որը քաղաքական որոշումներ կայացնելու մեջ մասնակցել է, իր գործուն աջակցությամբ, իր որոշումներով, նաև իր աջակցությամբ Հայաստանում ընտրություն է կեղծել, կոռուպցիոն համակարգի մեջ է եղել։

– Իսկ նա, ով լռել է այդ ամենի ժամանա՞կ․․․

– Նա, ով լռել է, նա էլ վախեցել է, հա, ի՞նչ անենք, որ լռել է։ Այսինքն, եթե գործուն մասնակից չի եղել, դա էլ խնդիր չէ։ Հասկանո՞ւմ եք` գալ ասել, որ մարդը կոռուպցիոներ է ու նրա հետ համերաշխ եք, որովհետև սա սիրո և համերաշխության հեղափոխություն է, ես դա չեմ հասկանում։ Եթե գիծ եք քաշում և ասում եք` սաղի հետ եք համերաշխ, ես դա հասկանում եմ։

Եթե գիծ չեք քաշում, ում հետ պետք է՝ համերաշխ եք, ում հետ պետք չէ՝ համերաշխ չեք, ես դա չեմ հասկանում։ Եվ այս առումով, նա ով լռել է, նա, ով չի լռել, ի՞նչ ասեմ։

Նույն «Իմ քայլը» խմբակցությունում ՀՀԿ-ի պատգամավորներ կան։ Ո՞նց կարելի է նրանց հետ գիծ քաշել ու լինել համերաշխ, իսկ տիկին Գյուլումյանի հետ չի կարելի լինել համերաշխ։ Ես չգիտեմ․․․

Զրուցեց Մհեր Արշակյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել