1ԳլխավորԼուրերՀարցազրույցՆերքինՔաղաքականություն

Ինչ-որ «քննադատական» հայտարարություններով հնարավոր չէ ձևավորել քաղաքական օրակարգ. քաղաքագետ

365news.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Մարգարյանը

-Պարոն Մարգարյան, ըստ Ձեզ, ինչո՞ւ ԲՀԿ-ն ՝ ի դեմս կուսակցության ղեկավարի Գագիկ Ծառուկյանի, վերջին օրերին նորից սկսեց ակտիվ հայտարարություններով հանդես գալ, քննադատել իշխանություններին:

-Կարծում եմ՝ հատուկ բաներ փնտրել պետք չէ: Քրեական գործերի հարուցումից հետո տեղի ունեցած հայտնի հավաքներից հետո բոլորս մամուլից տեղեկացանք, որ ԲՀԿ գրեթե բոլոր անդամները վարակվել էին կորոնավիրուսով: Ֆիզիկական խնդիրների պատճառով էլ կուսակցությունից կամ քաղաքական խմբակցությունից մարդիկ չկային, որպեսզի ակտիվ քաղաքականությամբ զբաղվեին:

Վերջին օրերին իրենց ակտիվացումը ևս նորմալ երևույթ է: Ցանկացած երկրում էլ, եթե ինչ-որ մեկի նկատմամբ կա հարուցված քրեական գործ կամ կա մեղադրանք, ու եթե այդ մեղադրանքները քաղաքական դաշտում ակտիվ որևէ անձի հետ են կապված, նրանք փորձում են այդ ամենին արհեստականորեն քաղաքական աստառ հաղորդել՝ ակտիվացնելով քաղաքական պայքարը: Դա ամենաշատը պաշտպանական նպատակ է հետապնդում: Ամեն դեպքում, մենք պետք է ընդունենք, որ նմանատիպ գործընթացները տրամաբանական են ու նորմալ:

-Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ-ն որոշ ժամանակ առաջ հայտարարում էին, որ կառավարությունը զրոյից պետք է փոփոխվի, մինչդեռ հիմա միայն կրթական ոլորտի փոփոխությունների մասին են խոսում, ու ուշադրության կենտրոնում միայն ԿԳՄՍՆ-ն է: Արդյո՞ք սա կարող ենք համարել հետքայլ:

-Երբ քաղաքական գործիչը հասցեկան հայտարարություններ է տալիս, ուրեմն պետք է համապատասխան սոցիալական, հասարակական, քաղաքական հանարային բազա ունենա, այլապես այդ հայտարարությանը ոչինչ չի հաջորդելու, ինչպես, որ այս դեպքում էր, ու մենք դա տեսանք: Նման հայտարարություններն առաջին հերթին վնասում են տվյալ քաղաքական ուժին, քանի որ այն հանդես է գալիս ոչ իրատեսական պահանջներով: Ինչ վերաբերում է մեկ նախարարի փոխելուն, ապա դա շատ թե քիչ տրամաբանական էր, որովհետև ոչ միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է նման հայտարարությամբ հանդես եկել, այլ նաև Դաշնակցությունը, «Հայրենիք» կուսակցությունն է միացել այդ հայտարարությանը: Սա ԲՀԿ-ի կողմից իր արտախորհրդարանական գործընկերներին ընդառաջում է:

-2 օր առաջ «Իմ քայլը»-ը խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը վայր դրեց իր պատգամավորական մանդատը՝ իր քայլը բացատրելով ԿԳՄՍ նախարարության հետ ունենած անհամաձայնություններով: Այս քայլն արդյո՞ք փոխկապակցված է ԲՀԿ առաջնորդի հայտարարությունների հետ:

-Կարծում եմ՝ Արսեն Ջուլֆալակյանը պետք է ինքն ասի, թե ինչու է նման քայլ արել, սակայն չեմ կարծում, որ այստեղ քաղաքական ճամբար փոխելու խնդիր կա: Ամեն դեպքում, այս քայլում տարօրինակություն կար՝ մասնավորապես այն, որ ԱԺ պատգամավորն իր մանդատը վայր է դնում գործադիրի իր գործընկերոջ հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Մեղմ ասած՝ այս ամենը տարօրինակ է, քանի որ գործադիր իշխանությունն ու օրենսդիր իշխանություն հիերարխիկ կառույցներ չեն և մեկը մյուսին ենթակա կամ վերադաս չեն: Առավել քան նորմալ է, որ օրենսդիրի անդամը տարաձայնություն ունենա օրենսդիրի անդամի հետ, ու այդ խնդիրները սովորաբար լուծվում են խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ, օրենսդրական նախաձեռնությունների միջոցով և այլն: Նման նախադեպ չի եղել, որ որևէ գումարման ԱԺ պատգամավորն իր մանդատը վայր դնի գործադիրի որևէ անդամի կամ որևէ նախարարի հետ ունեցած տարաձայնության պատճառով:

-Ինչո՞ւ համատեղ հանդիպումներից հետո «Հայրենիք» կուսակցությունը և ՀՅԴ-ն հայտարարությամբ հանդես չեն գալիս, խնդիրն ընդհանուր օրակարգ չձևավորվե՞լն է:

-Ամենայն հավանականությամբ՝ այո, ընդհանուր օրակարգ չեն կարողանում ձևավորվել, քանի որ քաղաքական օրակարգի ձևավորումը լուրջ, տևական, խորքային գործընթաց է ու մեկ-երկու հանդիպումներով, ինչ-որ «քննադատական» հայտարարություններով հնարավոր չէ ձևավորել քաղաքական օրակարգ, առավել ևս, որ մենք գործ ունենք անհասկանալի քաղաքական ուժերի հետ:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close