ՔՊ-ն նիստ է գումարել. պատգամավորը ներկայացրեց, թե ինչ հարցեր կարող են քննարկվել

Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նիստ է գումարել։ Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց հարցերի։
Հարցին՝ Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշումը կքննարկվի՞ նիստում, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ այո, որովհետև դուք էլ լսել եք այն մասին, որ մեզ համար նրա մանդատը վայր դնելը անակնկալ էր, ուստի կարծում եմ՝ տրամաբանական է, որ անակնկալները քննարկվեն նիստում»։ Նա նշեց, որ ցուցակով Ջուլֆալակյանին փոխարինող գործիչը դեռևս մանդատը չի ստացել, ուստի այս նիստին չի մասնակցի։
Խոսելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնության մասին՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցով, Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ ԼՀԿ-ն ունի նման իրավունք, իրենք էլ կսպասեն տեսնելու համար, թե ինչ են նախաձեռնում։
«Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի քաղաքականությանը, ապա դա ոչ թե Արայիկ Հարությունյանի քաղաքականությունն է, այլ՝ «Իմ քայլ»-ի, որի մեծ մասին դուք ծանոթացել եք հեղափոխության օրերին, հեղափոխությունից հետո, նախընտրական շրջանում։ Առկա դժգոհությունները, տարակարծությունները քննարկելի են, բայց այն, որ խոսում են տապալված լինելու մասին, ծայրահեղ գնահատական է»,- ասաց Հովհաննիսյանը։
Ըստ պատգամավորի՝ այո, իրենց խմբակցությունում կան պատգամավորներ, ովքեր այս կամ այն որոշման հետ ունեն տարակարծություններ, բայց դա նշանակում է, որ իրենք առողջ քննարկումների մեջ են։
Նա չողջունեց Արսեն Ջուլֆալակյանի քայլը՝ այդ տարակարծությունների պատճառով մանդատը վայր դնելու վերաբերյալ, նշելով, որ ինքն ուներ բոլոր լծակներն այդ անհամաձայնությունն արտահայտելու, հանրային ճնշման միջոցով այն տեղ հասցնելու․ «Լծակները սպառված չէին»։