1ԳլխավորԼուրերՆերքինՔաղաքականություն

Մենք հաղթահարել ենք տնտեսական ճգնաժամի պիկը. Գևորգ Պապոյան

365news.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանը

– Ընդդիմադիր շրջանակները խոսում են այն մասին, որ ՀՀ-ում տնտեսական ճգնաժամ է: ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ևս հայտարարում է, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամ է, մարդիկ գումար չունեն կենսական կարիքները հոգալու համար: Որքանո՞վ են հիմնավորված նման պնդումները:

– Մենք պետք է շարժվենք նրանով, թե այդ թվերն ինչ են ասում: Օրինակ` Գագիկ Ծառուկյանը երեք ամիս առաջ ասում էր, որ երեք ամիս հետո Հայաստանում սով է լինելու: Տեսանք, որ դա սովորական, քաղաքական հայտարարություն էր, որն իրականության հետ որևէ առնչություն չունի և չի էլ կարող ունենալ:

Երբ որ դու մեկ անգամ նայում ես թվերը՝ ֆինանսական շարժերը, մարդկանց խնայողությունների չափը, տնտեսության վիճակը, հասկանում ես, որ այդպիսի հայտարարությունը բացարձակապես իրադարձությանը մոտ չէր և չէր էլ կարող լինել: Նույնը վերաբերում էր տնտեսական ճգնաժամին` դա քաղաքական հայտարարություն է, որն իրական տնտեսական կյանքի հետ որևէ առնչություն չունի:

– Այնուամենայնիվ, տնտեսական անկում գրանցված ունենք, նույնիսկ վարչապետն իր խոսքում նշեց այդ մասին:

– Այո, որոշ ուղղություններով ունեինք մի փոքր անկում, բայց տնտեսական ճգնաժամի այդ պիկը հաղթահարել ենք: Տնտեսական ճգնաժամի պիկը եղել է հուլիս ամսին, և արդեն օգոստոսին մենք ավելի քիչ անկում էինք ունեցել, քան հուլիսին, սեպտեմբերին, կարծում եմ, ավելի քիչ է լինելու և այսպես շարունակ:

– Այդ անկումների նվազումը պայմանավորում եք արտակարգ դրության դադարեցման, կանոնների խստացումների քիչ-քիչ թեթևացմա՞մբ:

– Իհարկե, դա փաստ է: Մենք ամենամեծ անկումն ունեցել ենք ապրիլ-մայիս ամիսներին, երբ որ ունեինք շատ խոշոր սահմանափակումներ: Ապրիլ-մայիսից հետո աշխատատեղերը վերականգնվել են, դա նշանակում է, որ տնտեսությունը սկսել է աշխատել, վերականգնվել, և այս մասով մենք խնդիր չունենք:

Առանձին ոլորտներում խնդիրներ կան, օրինակ` ներգնա զբոսաշրջության հետ կա խնդիր, որովհետև զբոսաշրջիկներ Հայաստան չեն եկել և այդ մասով եկամուտներ չեն մտել: Բայց ներքին զբոսաշրջությունը շատ ակտիվ է, որովհետև ինչքան մարդ Հայաստան է գալիս որպես զբոսաշրջիկ, այդքան մարդ էլ Հայաստանից դուրս է գնում և մարդիկ մնացել են Հայաստանում, միգուցե ոչ այն չափով են ծախսել, որքան արտասահմանում կծախսեին:

Ներքին զբոսաշրջության մասով խնդիր եղել է միայն Երևանում, երևանյան հյուրատներում: Իսկ, օրինակ` մարզային հյուրանոցները 90 տոկոս ծանրաբեռնվածությամբ են աշխատել և այստեղ խնդիր չի եղել: Իհարկե կան հարցեր, օրինակ` մեծ հարսանիքներ տեղի չեն ունենում, ու դրանից բխող ծառայություններ կան, որոնցից չեն օգտվում, ոսկու վաճառքի ծավալն է նվազել, բայց, ըստ էության, տնտեսության ճգնաժամ չկա, կա տնտեսական ոչ լավ վիճակ, որն արդեն վերականգնվում է:

– Նշեցիք, որ աշխատատեղերը վերականգնվել են, սակայն բազմաթիվ բիզնեսներ փակվել են: Արդյոք այդ փակված բիզնեսները կարո՞ղ են տնտեսական ճգնաժամի պատճառ դառնալ:

– Որոշ բիզնեսներ փակվել են, բայց նոր բիզնեսներ էլ են բացվել: Դա շարունակական գործընթաց է, և տնտեսությունը նաև մի այնպիսի օրգանիզմ է, որ նաև որոշակի առողջացման գործընթաց է գնում: Երբ որ տնտեսությունը վերելքի մեջ է, բոլոր ընկերությունները՝ անգամ անարդյունավետ ընկերությունները, այսպես ասած, ապրում են այդ միջավայրում:

Բայց երբ դժվարություններ են առաջանում, որոշակի առողջացման պրոցես է գնում և վատ կառավարվող կազմակերպությունները կարող են շուկայից դուրս գալ, բայց դրա փոխարեն նորերն են շուկա մտնում ժամանակի ընթացքում:

– Ասացիք, որ տնտեսությունը վերականգնման փուլի մեջ է: Ամբողջական վերականգնումը ե՞րբ տեղի կունենա:

Դա ուղիղ համեմատական է երկու բանի՝ կորոնավիրուսի վիճակը Հայաստանում և կորոնավիրուսի վիճակը աշխարհում: Մենք այսօր տեսնում ենք, որ կորոնավիրուսի վիճակը Հայաստանում, փառք Աստծո, լավ վիճակում է գտնվում: Թվերը քիչ են, իջել ենք մոտ հինգ տոկոսի, մեր ակտիվ վարակակիրների դրական դեպքերը արդեն 3000-ից իջել է:

Եվ այդ առումով մենք լավ իրավիճակում ենք, բայց այստեղ խնդիրը նաև դրսից է կախված, թե մեր հիմնական առևտրային գործընկերներն ինչպիսի վիճակում են, դա կախված է Ռուսաստանում և ԵՏՄ-ում իրավիճակից, Եվրամիությունում, ԱՄՆ-ում, աշխարհում կորոնավիրուսի ընդհանուր մակարդակից, վիճակից:

Անդրադառնանք կորոնավիրուսի հետևանքով տնտեսական ճգնաժամի պատճառով տնտեսական անկմանը, ինչպես նաև գնաճին Հայաստանում և արտերկրում: Ինչպիսի՞ պատկեր ունենք:

– Այս առումով պետք է նշել, որ մեր երկրում վիճակը շատ ավելի լավ է, քան բազմաթիվ երկրներում: Մեզ մոտ տնտեսական անկումը, մոտավորապես, 5,7 տոկոսի չափ է, բայց աշխարհի շատ երկրներում՝ եվրոպական երկրներում, զարգացած երկրներում երկնիշ տնտեսական անկում է գրանցվել և դրան զուգահեռ շատ կարևոր բան՝ Հայաստանում գնաճ չկա:

Այսինքն` մարդկանց սոցիալական վիճակն այդ մասով ավելի չի վատացել, բայց նույն աշխարհի շատ երկրներում, այդ թվում` մեր հարևան Թուրքիայում երկնիշ գնաճ կա, Ռուսաստանում բարձր գնաճ կա, եվրոպական երկրներում, Վրաստանում բարձր գնաճ կա: Այնպես որ Հայաստանում տնտեսությունը շատ ավելի քիչ է տուժել, քան աշխարհի շատ երկրներում:

Վերջիվերջո չմոռանանք, որ կառավարությունը լուրջ աջակցություն է ցուցաբերել տնտեսությանը և այսօրվա գներով, մոտավորապես, 340 միլիոն դոլարի արդեն տնտեսության մեջ տնտեսական, սոցիալական ծրագրերով գումար է ներդրվել: Ընդ որում` նախապես խոստացվել էր մոտ 300 միլիոն դոլար, այնպես որ 340 միլիոն դոլարը շատ մեծ գումար է:

Իհարկե, կան ոլորտներ, որտեղ խնդիրներ կան, բայց կառավարության հակաճգնաժամային ծրագրերի միջոցով դրանք էականորեն շատ ավելի ցածր բացասական ազդեցություն ունեցան, քան կարող էր լինել, եթե նման միջոցառումներ չանցկացվեին:

Զրուցեց Հայկա Ալոյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close