Փաշինյանի հեռանալուց հետո հաստատ Ծառուկյանին չեն ընտրի․ Հովիկ Աղազարյան

365news-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը
-Պարոն Աղազարյան, երեկ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ժողովուրդը երբեք այսքան վատ վիճակում չի եղել։
-Ինքը պարբերաբար նման բաներ ասում է, ըստ իրեն, պիտի արդեն սով լիներ, որովհետև մի երեք ամիս առաջ ինքն ասում էր, որ երեք ամիս հետո սով է լինելու։ Ես չեմ կարծում, որ նույնիսկ վատ վիճակի նշույլները կարող են լինել այսօր։
-Պարոն Ծառուկյանը հայտարարել է, որ բոլոր մարդիկ տոկոսների տակ են, պետությունը պետք է նրանց տոկոսները սուբսիդավորի, որպեսզի նրանք կարողանան շնչել, «ոչ թե պետք է մի քանի ամսով հետաձգեն մուծումները, այլ՝ ներեն վարկերը»։ Դա հնարավո՞ր է։
-Չեմ, չեմ կարծում, որ դա ճիշտ գաղափար է։ Ես մի փոքր էքսկուրս կարող եմ անել, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այնպես կանենք, որ ներվեն մեր քաղաքացիների տույժ-տուգանքները։ Եվ դա, ըստ էության, տեղի ունեցավ՝ եթե չեմ սխալվում, ներվեց, մոտ 120 հազար վարկառու ազատվեց այդ կապանքներից և հնարավորություն ունեցավ նոր վարկ վերցնելու, և նրանց մեծ մասը նոր վարկեր վերցնելուց հետո հայտնվեց ավելի ծանր վիճակում։ Սա շատ նուրբ հարց է, չես կարող տարբերակել, թե որ քաղաքացին ինչպես է օգտագործել իր վարկը, նպատակայի՞ն է օգտագործել այն։ Ու՞մ ներես, համատարած ներես նաև նրան, որը բարեխիղճ չի եղել ոչ ինքն իր հանդեպ, ոչ այդ փողերի հանդեպ, որոնք իրենը չե՞ն։ Իսկ այն մյուսը, որը պարբերաբար վճարել է և որոշակի դժվարություններ ունի, ո՞նց տարբերակես նրանց։ Բանկերն, իհարկե, տարբերակում են, ես ինքս էլ հիմա վարկեր ունեմ և ունեցել եմ, ոչ թե հիմա պատգամավոր եմ ու ինձ լավ են վերաբերվում։ Մի անգամ նույնիսկ խաբել են ինձ։ Իրենք՝ բանկերը, անհատական մոտեցում ցուցաբերում են, փորձում են ընդառաջել, որովհետև նրանց վերջնական նպատակն իրենց փողերը հետ ստանալն է։ Եվ ներում են ինչ-որ չափով և այսպիսի պոպուլիստական բաներ ասելը չարժե, իմաստ չունի, սա վնաս կտա։ Հազար անգամ ներողություն, ավելի լավ է այս ծանր իրավիճակում մի երկու-երեք հազար քաղաքացի հայտնվեն սոցիալական ծանր իրավիճակում և ինչ-որ ձևով փորձեն այդ իրավիճակից դուրս գան, քան՝ այդ ներումները բացասական ազդեցություն ունենան։
-Ինչո՞վ եք բացատրում Ծառուկյանի այսպիսի ոճով ընդդիմադիրությունը, ինքը ե՞րբ է այսպիսի ընդդիմադիր եղել։
-Եթե հիշում եք, պարոն Ծառուկյանը, ասեցի, սովից էր խոսում։ Դրա նշույլներն էլ այսօր չի նկատվում։ Պարզ, քաղաքական ենթատեքստ ունի նրա կեցվածքը՝ փորձել ժողովրդի մոտ տրամադրություն ստեղծել։ Բայց ես իրենց ուղղեմ՝ պետք չէ պահանջել կառավարության հրաժարականը, պետք է պահանջել իշխանության հրաժարականը, որովհետև եթե կառավարությունը հրաժարական տվեց, հո «Իմ քայլը» խմբակցությունը Ծառուկյանին չի՞ ընտրելու վարչապետ, մեկ ուրիշ իմքայլականի է ընտրելու։ Մեր խմբակցությունն այսօր գտնում է, որ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ լավագույնս է կատարում իր պարտականությունները։
-Հավանաբար տեղյակ եք, որ Ծառուկյանը մտադիր է հանրահավաք հրավիրել և պահանջել իշխանափոխություն։ Ինչու՞ է խորհրդարանական ընդդիմադիր ուժը գնում փողոցային պայքարի ճանապարհով։
-Ես իմ բացատրությունն ունեմ, որը շատերին դուր չի գալիս՝ դա պայմանավորված է նրանով, որ ռևանշիստական ուժերն ու քաղաքական որոշ ուժեր համախմբվում են ֆինանսական, կազմակերպչական առումով։ Եվ այդ իմաստով փողոցն ավելի լայն հարթակ է։ Նրանցից միայն ԲՀԿ-ն է խորհրդարանական ուժ, ահա թե ինչու են ծանրության կենտրոնը տեղափոխում փողոց։ Իրենք կարծում են, որ բազմամարդ հանրահավաքներ կարող են անել և դրա արդյունքում հասնել արտահերթ ընտրությունների։ Բայց դրա համար նախադրյալներ չկան, թեպետ դա իրենց ուղին է, որը պարտավոր ենք հարգել։
Զրուցեց Մհեր Արշակյանը