1ԱրտաքինԳլխավորԼուրերՀարցազրույցՔաղաքականություն

Բաքուն կարող է ստիպված լինել գին վճարել Մինսկում տեղի ունեցող զարգացումների համար. Ռիչարդ Կիրակոսյան

Օրեր առաջ Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբը՝ «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք»-ը, Բելառուսում տեղի ունեցած ընտրությունները խայտառակություն որակելով՝ հայտարարություն է տարածել և խստորեն դատապարտել քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնաճնշումները: Սոցիալիստ դեմոկրատները Բելառուսի ընտրությունները համեմատել են Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունների հետ ու նշել, որ իրենք չեն կարող համագործակցել այնպիսի երկրների հետ, որոնք քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնաճնշումներ են գործադրում, ինչպես նաև կոչ են արել Ադրբեջանին ու Բելառուսին «անմիջապես դուրս մղել» Արևելյան գործընկերության կազմից:

Թեմայի շուրջ 365news.amը զրուցել է քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի հետ:

-Պարոն Կիրակոսյան, ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք այս կոչը դուրս կգա «զուտ կոչ» լինելու մակարդակից ու կներակացվի, օրինակ, որպես բանաձև։

– Օգոստոսի 14-ին Եվրախորհրդարանի երկրորդ խոշոր քաղաքական խմբավորման՝ «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք»-ի (S&D) հայտարարությունը նշանակալի էր, բայց ոչ այնքան զարմանալի: Արտաքին գործերի հարցերով փոխնախագահ Քաթի Պիրիի կողմից տարածված հայտարարությունը, մասնավորապես, դատապարտում է բելառուսական ռեժիմի կողմից ուժի գործադրումը խաղաղ ցուցարարների դեմ՝ ներառյալ կտտանքներն ու ձերբակալությունները, որոնք այժմ տեղի են ունենում օգոստոսի 9-ի «գողացված» նախագահական ընտրություններից հետո:

Ավելին, «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք»-ը նաև կոչ արեց ԵՄ արտաքին գործերի նախարարներին հետևել ընտրությունների արդյունքներին, որոնք ոչ ազատ էին, ոչ էլ արդար՝ կիրառելով նպատակային պատժամիջոցներ Լուկաշենկոյի ռեժիմի դեմ, Բելառուսին վտարելով Արևելյան գործընկերության ծրագրից, ինչպես նաև կոչ արեց նոր նախագահական ընտրություններ անցկացնել միջազգային դիտորդների վերահսկողության ներքո: Հայտարարությունը նշանակալի էր նաև նրանով, որ խումբը նաև կոչ է անում ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) կազմից վտարել ինչպես Բելառուսին, այնպես էլ Ադրբեջանին:

Եվրախորհրդարանում սոցիալիստներն ու դեմոկրատներն ունեն 147 պատգամավորներ ու համարվում են Եվրախորհրդարանի մեծությամբ երկրորդ ուժը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբից հետո: Նրանք ներկայացնում են շատ կարևոր և ազդեցիկ ուժ եվրոպական քաղաքականության մեջ: Սա նշանակում է, որ նրանց հայտարարությունը զուտ «դատարկ սպառնալիք» չէ, և, ամենայն հավանականությամբ, կազդի նաև ԵՄ-ի՝ ինչպես Բելառուսի, այնպես էլ Ադրբեջանի նկատմամբ վարած քաղաքականության վրա:

Արևելյան գործընկերությունից նրանց «վտարելու» հետ կապված էլ քաղաքական խումբը նշել էր, որ ԵՄ-ն երկար ժամանակ հետևում է Բելառուսի «կրիտիկական քաղաքականությանը»՝ եզրակացնելով, որ այս քաղաքականությունը ո՛չ բարելավել է երկրում մարդու իրավունքների իրավիճակը, ո՛չ էլ հանգեցրել է իմաստալից ժողովրդավարական բարեփոխումների: Նույն քննադատական վերագնահատումը վերաբերվում է նաև Ադրբեջանին: Ուստի նրանք իրենց կոչում նշում էին, որ իրենք չեն կարող գործընկերության մեջ լինել այն երկրների հետ, որտեղ ականատես են լինում քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության բռնաճնշումներին:

– Արդյո՞ք այս կոչի հիմքում ընկած են միայն Բելառուսում, ինչպես նաև 6 ամիս առաջ Ադրբեջանում կայացած ընտրություններն ու դրանց ժամանակ գրանցված ընտրախախտումները։

-Մի բան հստակ է, որ հայտարարության մեջ նշվում է «գողացված նախագահական ընտրությունները և հետընտրական բռնությունները», ու սա վերաբերում է Բելառուսին: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի դեմ ուղղված քայլին, ապա դա կարող է բխել այն գիտակցումից, որ ԵՄ քաղաքականությունը և ավտորիտար կառավարությունների հետ «քննադատական ընդհարումները» ձախողվել են: Պետք է նշենք, որ այս կոչը լուրջ հարցեր է առաջացնում ԵՄ-ի և Ադրբեջանի միջև` նոր ռազմավարական գործընկերության շուրջ ընթացող բանակցությունների հետ կապված և հուշում է, որ Բաքուն կարող է ստիպված լինել գին վճարել Մինսկում տեղի ունեցած/ունեցող զարգացումների համար:

Հայաստանն այս ամենից ի՞նչ օգուտներ կարող է քաղել։

-Փաստացի, Հայաստանը երկու եղանակով է օգուտներ քաղում: Նախ՝ ԵՄ-ի հիասթափությունը Բելառուսից և Ադրբեջանից Հայաստանին ավելի կարևոր է դարձնում՝ որպես ԵՄ-ի համար ռազմավարական գործընկեր, ինչի արդյունքում ԵՄ-Հայաստան «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը (CEPA) ԵՄ-ի համար նույնիսկ կարող է դիտվել որպես ռազմավարական ձեռքբերում: Եվ երկրորդ՝ Ադրբեջանի վրա ճնշումը կարող է ընդլայնվել՝ ներառելով զենքի էմբարգոն կամ դրա հետ կապված այլ պատժամիջոցներ, որոնք Հայաստանի համար կարող են համարվել կարևոր ձեռքբերումներ:

– Այս ամենը կարո՞ղ ենք համարել որպես Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության հաղթանակ։

– Ոչ, այս զարգացումները չեն կարող համարվել Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության հաղթնական կամ դրա արդյունք: Չնայած, որ այս իրավիճակը Հայաստանին ձեռնտու է, այնուամենայնիվ, սա ավելի շուտ Ադրբեջանի սխալների և թերացումների արդյունքում ձևավորված «հաղթանակ» է, այլ ոչ թե Հայաստանի կողմից արված որևէ քայլի արդյունք: Հիմա Հայաստանի արտաքին քաղաքականությանն ակտիվությունն ավելի դինամիկ պետք է լինի, և Երևանը այլևս չի կարող և չպետք է գոհ լինի միայն մրցակիցների և հակառակորդների սխալներից: Այնուամենայնիվ, ավելի ժողովրդավարական Հայաստանի հետ հարաբերությունների ակտիվացումն ու ռազմատենչ, բռնաճնշող, ավտորիտար Ադրբեջանի հետ հարաբերությունների կրճատումը մեզ համար ռազմավարական առավելություն է, որը կնպաստի Արևմուտքում Հայաստանի արժեքի և ազդեցության բարձրացման գործին:

Մելինե Պետրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել