ԼուրերԿարևորՆերքինՏեսանյութՔաղաքականություն

Ղալաթ կանի մեկը, որ կասի՝ կառավարությունը կոռումպացված է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում բարձրացրեց այն գործարարների հարցը, ովքեր աջակցություն են ակնկալում պետական բյուջեից, բայց ՀԴՄ չեն տրամադրում, հարկերը լիարժեք չեն վճարում։

«Այս ընթացքում մենք քննարկումներ ենք արել, ականատես եմ եղել հետևյալ փաստին․ տարբեր ոլորտներ բյուջեից մեծ աջակցություն են ակնկալում, բայց չեն ուզում բյուջե գումար վճարել։ Բյուջեն մեր բոլորիս գրպանն է, պետք չէ ամեն ինչ անել, որ մի կոպեկ պակաս վճարել։ Ես մեր գործընկերներին ասում եմ՝ եկել եք, ասում եք՝ բյուջեից էս տվեք, էն տվեք, էն տվեք, բայց որ խոսքը գնում է այն մասին, թե որքանով եք բյուջե պարտաճանաչ վճարում անում, լռում են։ Դրա համար գործարար շրջանակները իմ հետ հանդիպումից դուրս են գալիս, ասում են՝ մի քիչ դժգոհ ենք։ Լավ է, որ դժգոհ եք։ Ի՞նչ է նշանակում՝ ՀԴՄ չխփել։

Էն ժամանակ ասում էին՝ կառավարությունը կոռումպացված է, բոլորը տանում են, մենք էլ ենք տանում։ Հիմա էլ ղալաթ կանի մեկը, որ կասի՝ կառավարությունը կոռումպացված է։ Հիմա էլ ես եմ ասում, որ կոռուպցիոն երևույթը այդտեղ մնացել է ու ՀԴՄ չխփելը զինվորի հացը գողանալ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նկատեց, որ բյուջեն հավաքվում է բոլորի ջանքերով, և երբ իրենք բարձրացնում են հարկային կարգապահության հարցը, ստանում են՝ «մենք դա չենք կարող անել» պատասխանը։

«Ոչ մեկ չի ասում՝ որպեսզի բավարարենք մեր պետական, ազգային ամբիցիաները, պիտի ավելի շատ աշխատենք։ Այսօր խոսում են գույքահարկի բարձրացման մասին, փորձում են դրա հետ կապված խնդիր առաջացնել։ Ոչ մեկ չի ասում՝ Երևանի կենտրոնում գույքահարկը կոպեկներ է, որովհետև փախեփախի տրամաբանության մեջ է եղել, կադաստրային արժեքը դրված է եղել սեփականաշնորհման հիմքում և չնչին կոպեկներով ամբողջ ՀՀ գույքը այս դահլիճում սեփականաշնորհվել է ու գույքահարկ չի տրվել։ Այո, հասկանում ենք, ճգնաժամ է, բայց կվերադառնանք նրան, որ դաժան ձևով բիզնեսի կարգապահությունը վերականգնենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը պատմեց, որ իրեն մի անգամ նվիրել են երկրներից մեկի արտադրության նմուշները, և երբ ինքը ուսումնասիրել է դրանք, հասկացել է, որ մենք մեր արտադրությունը չենք կարողանում առաջ տանել, որովհետև շեշտը դնում ենք ցածր սեգմենտի վրա՝ սկսած դիզայնից ու փաթեթավորումից։

«Մենք միշտ նշաձողը դնում ենք ամենացածր սեգմենտի վրա։ Որակական ամենացածր ստանդարտների վրա ենք դնում, որովհետև գործարարության ստանդարտ կա՝ ավելի կարևոր է հնարավորինս երկար, բարձր, լայն մեքենայով շրջեն, քան՝ գումար ներդնեն գիտելիքի, տեխնոլոգիայի վրա»,- հավելեց նա՝ նշելով, որ ստանդարտները պետք է բարձրանան։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել