ԼուրերԿարևորՆերքինՔաղաքականություն

Կառավարությունը կաջակցի զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպություններին՝ պահպանելու աշխատատեղերը

ՀՀ կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված 23-րդ ծրագիրը։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ծրագիրը վերաբերում է զբոսաշրջության ոլորտին առնչվող գործունեության մի քանի տեսակներով զբաղվող կազմակերպություններին։

«Գաղտնիք չէ, որ կորոնավիրուսի համաճարակը մեծ ազդեցություն է թողել զբոսաշրջության ոլորտի վրա։ Վնասը տարբեր բնագավառներում եղել է տարբեր, բայց ընդհանուր առմամբ, ըստ վերջին ամիսների տվյալների, եկամուտը կրճատվել է 2 անգամ։ Կազմակերպությունները կանգնել են բիզնեսի շարունակականության ապահովման դժվարությունների առջև»,- ասաց նախարարը՝ նշելով, որ իրենց համար ամենակարևոր խնդիրներից մեկը աշխատատեղերը պահպանելն է։

Տիգրան Խաչատրյանը շեշտեց, որ իրենք այս ծրագրով աջակցելու են աշխատատեղերի պահպանմանը՝ հատուցելու են 3-րդ աշխատակցի գումարը։

Ծրագրի շահառուներն են՝

-կացության կազմակերպում, ներառյալ՝ առողջարանները, հյուրատները,

-հանրային սննդի կազմակերպում,

-զբոսաշրջային գործակալներ և օպերատորներ։

«Նախատեսվում է, որ աջակցությունից կարող են օգտվել նրանք, ովքեր ունեն առնվազն 3 աշխատակից և ստեղծվել են ոչ ուշ, քան՝ 2020թ․-ի մարտի 31-ը»,- հայտնեց նախարարը։ Նա նաև ասաց, որ աջակցության ծրագրից չեն կարող օգտվել նրանք, ովքեր ՀԴՄ շահագործման կանոններն են խախտել և միևնույն ժամանակ կրճատել են իրենց աշխատակիցներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց՝ իսկ եթե հետո՞ է պարզվում, որ խախտում է կատարել, չէ՞ որ դատական նիստը կարող է տևել 1-2 տարի։ Փաշինյանն ասաց, որ եթե խախտումը հաստատվի, պետք է գումարը ենթակա լինի վերադարձման։ «Չստացվի, որ աջակցություն ստացավ այն բյուջեից, որի նկատմամբ ապօրինի գործողություն է կատարվել»,- հավելեց Փաշինյանը։

Տիգրան Խաչատրյանն ասաց, որ իրենք լրացում կանեն նախագծում։

Վարչապետը նշեց, որ իրենք ուզում են աջակցել հյուրանոցների, ռեստորանների, հյուրատների, զբոսաշրջային գործակալությունների ծառայություններ մատուցող ընկերություններին, որոնք մեծ վնասներ են կրել կորոնավիրուսից և չեն կարողանում պահպանել մրցունակությունը՝ մինչև շուկայի վերականգնման մոտավոր ժամկետը՝ 2021թ․-ի ապրիլը։

«Մարզերում հյուրատները աշխատում են ծանրաբեռնված, Երևանում՝ գրեթե զրոյական են աշխատում։ Ինչքանո՞վ է նպատակահարմար հավասարության նշան դնել, գուցե նման հարց առաջանա։ Մենք այս ծրագրով աջակցում ենք բիզնեսի աշխատատեղերի պահպանմանը։ Եթե մարզային որևէ այդպիսի ընկերություն հիմա ծանրաբեռնված աշխատում է, այս աջակցությունը նրանց կօգնի մեկ-երկու ավել աշխտատեղ ստեղծել։ Իսկ Երևանում գտնվող ծառայություններին մենք կօգնենք աշխատատեղերը պահպանել»,- շեշտեց Փաշինյանը։

Վարչապետն ասաց, որ տրամաբանական չէ օգնել միայն քիչ ստեղծարար բիզնեսին, անտեսել՝ շատ ստեղծարարին։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել