1ԳլխավորԼուրերՆերքինՔաղաքականություն

Մեր խնդիրը չպետք է լինի մանկատան սաներին բնակարան տալը. նրանց պետք է կրթական այնպիսի հմտություններ տանք, որ իրենք այն ձեռք բերեն․ վարչապետ

Կառավարությունը քննարկում է մանկատան երեխաներին Սոցիալական ապահովության նախարարության ենթակայության տակ գտնվող բնակարանները նվիրաբերելու հարցը։ Նախարար Զարուհի Բաթոյանի ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվում է բնակարաններ նվիրաբերել մանկատան 163 շրջանավարտների։

Նա նշեց, որ այս բնակարանները տրամադրվել էին նրանց անհատույց՝ 10 տարի ժամկետով բնակցելու համար, իսկ հիմա տրվում են որպես նվեր։ 

Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շեշտը պետք է դրվի մանկատան սաների՝ պատշաճ կրթություն ստանալու իրավունքի վրա: «Երկու օր առաջ քննարկել ենք այս հարցը, թե կոնկրետ ինչ միջոցներ պետք է ձեռնարկենք: Մեր խնդիրը չպետք է լինի այն, որ մանկատան սաներին բնակարան տանք: Ո՛չ, մեր խնդիրը պետք է լինի այն, որ մենք մեր մանկատան սաներին կրթական այնպիսի հմտություններ տանք, որ իրենք իրենց աշխատանքով բնակարան ձեռք բերեն: Բնակարանով մենք հարց չենք լուծում: Այո, տվել ենք բնակարան, դա լավ է հնչում, յուղոտ վերնագիր է, բայց իրականում հարց չի լուծում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ սահմանադրական հանրաքվեի ժամանակ մեծ աղմուկ եղավ քաղաքացիներից մեկի շուրջ, ով իրեն էր մոտեցել բնակարանի հարցով և հարցը լուծվել էր: Նա ասաց, որ երկու-երեք տարի հետո պետք է գնալ ու տեսնել՝ ինչ է տեղի ունեցել այդ քաղաքացու ու բնակարանի հետ:

Փաշինյանն ընդգծեց, որ գուցե բնակարան տալը ականջահաճո է, բայց արդյունավետ չէ՝ գուցե այն օգնում է քաղաքական դիվիդենտներ շահել, բայց շահառուների համար արդյունավետ չէ։ «Ցավոք, քիչ դեպքեր կան, երբ բնակարան ստանալուց հետո մարդը կարողացել իր և իր երեխաների ապագան ապահովել»,- ասաց նա։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել