1ԳլխավորԻրավունքԼուրերԿարծիքՀարցազրույցՆերքինՔաղաքականություն

Իրավիճակը շատ նման է հայտնի երգի բառերին՝ երեք քույր են, երեքն էլ մի բոյի․ Արմեն Խաչատրյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուների մասին

365news.am-ի զրուցակիցն է ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը

-Սահմանադրական դատավորի երեք թեկնածու կա, սակայն երեքի շուրջ էլ աղմուկը չի դադարում: Շատերը նրանց թեկնածությունն անընդունելի են համարում՝ նախորդ իշխանության հետ կապ ունենալու համար։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ առաջադրեցին հենց այս երեք թեկնածուներին, եթե ՍԴ կազմը փոխվում էր «նախկինների» համար:

-Ճիշտն ասած, այդ հարցն անընդհատ տալիս եմ ինձ, և չեմ հասկանում, թե ինչո՞ւ ընտրվեցին հենց այդ երեքը։ Իրավիճակը շատ նման է հայտնի երգի բառերին՝ երեք քույր են՝ երեքն էլ մի բոյի: Այնպես է ստացվում, որ երեք թեկնածուներն էլ ունեն գրեթե նույնական խնդիրներ: Հասարակության մեջ այս թեկնածուների նկատմամբ, այսպես մեղմ ասենք, կա անվստահություն: Անվստահություն այն իմաստով, որ արդյոք այս թեկնածուներն իրենց որակական, բարոյական նկարագրով համապատասխանո՞ւմ են իրենց առաջադրված պաշտոններին, թե ոչ:

Մասնագիտականի մասին չխոսեմ, որովհետև գուցե դա միակ բանն է, որ բավարարում է այդ պահանջին։ Ես ինքս չեմ կարող ոչ ասել, որ բավարարում է, ոչ էլ կարող եմ ասել, որ չի բավարարում: Կարծում եմ, որ մասնագիտական հասարակության մոտ կա առաջացած խնդիր, հարցադրում: Իմ կարծիքով՝ Սահմանադրական դատարանի թեկնածուների առաջադրման հարցում հասարակության մոտ «ինչուներ» չպետք է առաջանային: Մենք չպիտի մեզ հարցնեինք, թե ինչու հենց այս թեկնածուն: Մաքսիմում պիտի գնար խոսակցություն մասնագիտական հմտությունների, մասնագիտական գիտելիքների մասին։

Մենք չպետք է այդ հարցը տայինք, թե ինչի Վճռաբեկ դատարանի նախկին քրեական պալատի նախագահի տղան է առաջադրվել, ում հայրը ժամանակին բազմաթիվ ակնհայտ անարդար դատական ակտեր է հաստատել: Կամ ինչու է առաջադրվել մեկը, ում նկատմամբ շատ վաղուց դատական համակարգում կա անվստահություն, ասեմ ավելին՝ դատական համակարգի նկատմամբ եղած անվստահության աղբյուրներից մեկը հենց այդ անձնավորությունն է, կամ մի անձնավորություն, որի մասին դեռևս ռեժիմի օրոք նույն ռեժիմի կողմից նշանակված Մարդու Իրավունքների պաշտպանը բավականին անկեղծ բացահայտումներ էր արել իր տարեկան զեկույցում: Կամ  օրինակ նախագահի կողմից առաջադրված երրորդ թեկնածուն՝ ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է փոխվել, որ նորից նույն թեկնածուն է ներկայացվել նույն Ազգային Ժողովին:

Այս նույն պառլամենտը, նույն մեծամասնությունը դեմ է քվեարկել այդ անձնավորությանը: Կյանքում ոչ մի վայրկյան չեմ շփվել և առնչություն չեմ ունեցելնրա հետ, բայց ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է փոխվել թեկնածուի մոտ, որովհետև թեկնածուների առաջադրումը գոնե հիմա պիտի կապ չունենա այլ հանգամանքների փոփոխությունների հետ: Ես չեմ հասկանում «Իմ քայլի» այն պատգամավորներին, ովքեր նախկինում դեմ են քվերակել Արթուր Վաղարշյանի թեկնածությանը՝ հիմա ի՞նչ մոտիվ ունեն կողմ քվերակել։

-Ազգային Ժողովը պե՞տք է մերժի այս երեք դատավորների թեկնածությունը զուտ Ձեր թվարկած պատճառների համար: Գուցե դատական համակարգում կադրերի պակաս կա և նրանք համեմատության մեջ ամենահմուտներն են։

-Տեսեք, Սահմանադրական դատարանի մասին օրենքը Սահմանադրական դատարանի դատավորի մասին օրենքը, լրացուցիչ սահմանումներ ունեն՝ թեկնածուն պիտի լինի բարձր բարոյական հատկանիշներով օժտված: Հասարակության մոտ պիտի հարցեր չառաջանան այդ անձնավորության՝ դատավորի թեկնածու առաջադրվելու հետ կապված: Եվ եթե մի ստվար զանգվածի մոտ այդ հարցերը առաջանում են, ուրեմն այդ թեկնածուն սխալ է ընտրված՝ անկախ նրանից, թե ինքը ինչ մասնագիտական հմտություններ ունի:

Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ ռոբասերժական իշխանությանը ծառայած բազմաթիվ իրավաբաններ, շատ ավելի բարձր իրավական հմտություններ ու գիտելիքներ ունեն, նույն Սահմանադրական դատարանում անդամներ եղած անձինք, բայց մենք չենք կարող հանդուրժել այս իրավիճակում այնպիսի թեկնածուներ, ովքեր որ այս պետության, այս հասարակության նկատմամբ, քաղաքացիների նկատմամբ հանցագործություններ են կատարել կամ առնչություն են ունեցել հանցագործություն կատարած անձանց հետ:

Երվանդ Խունդկարյանը, թեև Վճռաբեկ քաղաքացիական և վարչական պալատների նախագահ է եղել, թեև նրա որոշումներից անձինք չեն հայտնվել անազատության մեջ, բայց նույն մարտիմեկյան կոնտեքստով բազմաթիվ գործերով որոշումներ է կայացրել ժամանակին, լինելով այդ պալատի նախագահը, և մարդկանց ապօրինի, քաղաքական հետապնդման արդյունքում աշխատանքային վեճերով, ունեցվածքի հետ կապված վեճերով որոշումներ է կայացրել: Ցանկացած թեկնածու, ով պետության զավթմանը չի մասնակցել, ով կոռուպցիոն մեխանիզմներում չի եղել՝ ընդունելի է:

-Դուք ո՞ւմ եք տեսնում եթե ոչ բոլորի, ապա գոնե մեծամասնության կողմից ամենաընդունելի թեկնածու՝ անուններ կնշե՞ք:

-Ցավոք, ես սահմանադրական սուբյեկտ չեմ և ես չեմ կարող թեկնածու առաջադրել: Ես Ձեզ վստահեցնում եմ, որ մեկ օրվա ընթացքում կարելի է գտնել մեկ տասնյակ իմ նշած անձանց պես մասնագետներ՝ և Ազգային ժողովից, և Երևանի պետական համալսարանից, և դատավորներից: Մենք ունենք փայլուն դատավորներ: Ես սովորաբար ասում եմ, որ եթե դատավորին չենք ճանաչում, ուրեմն ինքը նորմալ դատավոր է: Որովհետև, ցավոք, իրավիճակն այնպիսին է, որ եթե ճանաչում ենք դատավորին՝ իրեն ճանաչում ենք հիմնականում վատ իմաստով, վատ նախադեպերից հետո։

Այդ 200 հոգու միջից մենք հաստատ տասին կարող էինք ընտրել, ովքեր կապված չեն կոռուպցիայի հետ և ովքեր չեն սպասարկել որևէ ռեժիմ՝ ռոբական կլինի, սերժական կլինի: Մենք փայլուն դատավորներ ունենք վարչական դատարանում, քաղաքացիական գործերով դատարանում, քրեականում էլ վստահ եմ կլինեն մի քանիսը: Այնպես որ ես անուններ չտամ, որովհետև ես առաջադրող չեմ, անգամ սևագիրը գրողը չեմ, բայց ես վստահ եմ, որ բազմաթիվ են այդպիսի մարդիկ:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել