1ԳլխավորԼուրերԿարծիքՆերքինՔաղաքականություն

Վանեցյանը նոր ֆիգուր է քաղաքականության մեջ և դժվար է ասել, որ նա ունի կամ մոտակա ժամանակներս կարող է ունենալ լուրջ քաղաքական կշիռ. Մովսես Հարությունյան

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին այսօր ԱԱԾ-ն հարցաքննության էր հրավիրել՝ վկայի կարգավիճակով: Այս մասին տեղեկացրել էր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: Մի շարք ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ սա որակել էին որպես Վանեցյանի նկատմամբ քաղաքական ճնշման երևույթ:

365news.am-ի հետ զրույցում քաղաքագետ Մովսես Հարությունյանն ասաց, որ Արթուր Վանեցյանի դեմ քաղաքական հետապնդման մասին խոսելն անգամ տարօրինակ է:

«Խոսել քաղաքական հետապնդման կամ էլ դրա տարրերի առկայության մասին` առնվազն տարօրինակ է, քանի որ Արթուր Վանեցյանի դեմ այս պահին անգամ քրեական գործ չկա հարուցված: Եվ եթե անգամ քրեական գործ էլ հարուցվի, ապա դժվար է քաղաքական հետապնդման աստառ տալ զուտ իրավական գործընթացին, երբ խոսք է գնում պաշտոնյա եղած ժամանակ իքս անձի պաշտոնական լիազորությունների չարաշահման մասին»,- ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում ակտիվացած այն խոսակցություններին, որ իշխանություններն ընդդիմադիր ուժերի որոշ ներկայացուցիչների նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, Մովսես Հարությունյանը կարծում է, որ քրեական գործերով անցնող որոշ մարդիկ այդպիսով փորձում են իրենց ներկայացնել զոհի կերպարում:

«Վերջերս նկատելի է մի տենդենց, երբ որևէ մեկը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվում, միանգամից շտապում են հայտարարել իրենց դեմ իրականացվող քաղաքական հետապնդումների մասին: Սա կարելի է բնորոշել որպես հատուկ դիրքավորման փորձ, որով այդ գործիչները փորձում են իրենց ներկայացնել քաղաքական զոհի կերպարում` ակնկալելով շահել որոշակի քաղաքական դիվիդենտներ»,- նկատեց վերջինս:

Հարցին՝ Արթուր Վանեցյանն ունի՞ քաղաքական այնպիսի կշիռ, որպեսզի իշխանությունները նրան համարեն իրենց համար վտանգավոր մրցակից, քաղաքագետն ընդգծեց, որ քաղաքականության մեջ Վանեցյանը նոր կերպար է:

«Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյան քաղաքական գործչի քաղաքական կշռին` ասեմ, որ Վանեցյանն իր նորաստեղծ կուսակցությունով հանդերձ դեռևս նոր ֆիգուր է քաղաքականության մեջ և դժվար է ասել, որ նա ունի կամ մոտակա ժամանակներս կարող է ունենալ լուրջ քաղաքական կշիռ»,- եզրափակեց Մովսես Հարությունյանը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել