1ԳլխավորԼուրերԿարծիքՆերքինՔաղաքականություն

Հայաստանում այս պահի դրությամբ ոչ ոք իշխանություն վերցնելու ոչ մի շանս չունի. Նժդեհ Հովսեփյան

365news.am-ի հետ զրույցում քաղաքագետ Նժդեհ Հովսեփյանն ասաց, որ Արթուր Վանեցյանին ԱԱԾ հարցաքննության հրավիրելու փաստը քաղաքական հետապնդում ներկայացնողները մանիպուլյացիա են անում:

«Դա բացարձակ մանիպուլյացիա է, ինչո՞ւ, որովհետև նույնիսկ նախորդ իշխանությունների ժամանակ, ընդդիմադիր գործիչներին գնդահակարելով, բանտերը նետելով, տասնամյակների և տարիների դատապարտող վճիռներ կայացնելով հանդերձ, ընդդիմադիրին լռեցնել չէր լինում: Հետևաբար, ներկայումս երբ իշխանությունը բացարձակ լեգիտիմություն ունի և ակնհայտորեն նաև ժողովրդական աջակցությունը զուգորդված է ժողովրդավարական բարեփոխումներով, հետևաբար պնդել, թե ընդդիմադիրներին լռեցնելու տակտիկա կա, կարծում եմ՝ դա քաղաքական շահարկում է ընդամենը՝ ոչինչ ավելին:

Ինչ վերաբերում է Վանեցյանին, կարծես թե խնդիրն իրավական դաշտում է: Ես կարդացի ԱԱԾ-ի հայտարարությունը, որտեղ օրենքին կոնկրետ հղումներով ցույց էր տրվում ամենը, հետևաբար ավելի տրամաբանական կլիներ, եթե իրենց ընդդիմադիր հորջորջող գործիչները հանդես գային կոնկրետ իրավական մեկնաբանություններով, բացատրություններով և գործի հետագա ընթացքով պայմանավորված նաև ցույց տային, թե որտեղ է այդ քաղաքական հալածանքն իրենց նկատմամբ»,-ասաց քաղաքագետը:

Նժդեհ Հովսեփյանը նշեց, որ չի կարծում, թե նրանց նկատմամբ քաղաքական հալածանք կա, քանի որ նրանք քաղաքական դաշտում զգալի դերակատարություն չունեն և զուրկ են հանրային աջակցությունից:

«Աշխարհի ցանկացած երկրի իշխանություն վախենում է այն հակառակորդից, որն իշխանություն վերցնելու հնարավորություն ունի: Հայաստանում, բարեբախտաբար, այդ մարդիկ և ընդհանրապես ոչ ոք այս պահի դրությամբ իշխանություն վերցնելու ոչ մի շանս չունի:

Հանրային աջակցությունն ակնհայտորեն վարչապետի կողմն է, դրա մասին են խոսում նաև ամերիկյան կազմակերպությունների հարցումները, որոնք վերջերս հրապարակվեցին, ու այդ անձանց նկատմամբ իշխանությունն, ըստ էության, բնական մոտիվացիա անգամ չունի որևիցե տեսակի հալածանք կիրառելու»,- նշեց քաղաքագետը:

Մեր այն հարցին, թե ո՞ր ընդդիմադիր ուժն է հավակնում լինել Հայաստանի այսօրվա ընդդիմադիր դաշտի առաջատարը, քաղաքագետը պատասխանեց, որ հակված չէ մտածել, թե այսօր Հայաստանում կա ընդդիմադիր դաշտ:

«Չեմ կարծում, որ մենք ունենք քաղաքական ընդդիմադիր դաշտ, որովհետև ընդդիմադիր քաղաքական դաշտը նրանք են, ովքեր առնվազն հանրային լուրջ աջակցություն ունեն և հանդես են գալիս իշխանությունը վերցնելու նախաձեռնությամբ և վերցնելու պոտենցիալն ունեն:

Այս պահի դրությամբ ընդդիմության դաշտը բավականին բազմաշերտ է, եթե, իհարկե, մենք ընդդիմություն ենք համարում նախկին իշխանություններին և նրանց հետ աշխատող նույնատիպ շրջանակներին: Այս դեպքում ես որոշակի վերապահումներ կանեմ, որովհետև չեմ կարծում, թե այդ մարդկանց կարելի է ընդդիմություն համարել դրա քաղաքական կամ քաղաքագիտական տերմինաբանությամբ:

Հակառակը՝ այս իշխանության համար ընդդիմություն եմ տեսնում այն ուժերին, որոնք ալտերնատիվ առաջարկներով են հանդես գալիս կոնկրետ ոլորտային բարեփոխումների վերաբերյալ՝ կլինի սահմանադրական կառավարման եղանակի, կլինի կոնկրետ տնտեսական քաղաքականության և այլն»,-նկատեց Նժդեհ Հովսեփյանը:

Քաղաքագետը նաև նշեց, որ իր նշած ալտերնատիվ ուժերն են ՀԱԿ-ը, Արման Բաբաջանյանի հիմնած «Հանուն Հանրապետության» նախաձեռնությունը, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը:

«Այս տեսակի ուժերն են, որոնք կարծես թե պաշտպանում են հեղափոխությունը, բայց միևնույն ժամանակ վիճում են իշխանության հետ կառավարման մեթոդաբանության շուրջ, վիճում են, թե ինչպես պետք է անել, ինչպես պետք է ռեալիզացնել հեղափոխության սկզբունքներն ու արժեքները:

Այսինքն՝ Հայաստանում, ըստ էության, 2018 թվականից հետո մենք պետք է հասկանանք, թե որոնք են այն ուժերը, որոնք պաշտպանում են հեղափոխության արժեքները, և այն ուժերը, որոնք հանդես են գալիս կոնկրետ առաջարկներով և հանդես են գալիս այն դիրքերից, որ կարող են ավելի լավ կառավարել»,- եզրափակեց քաղաքագետը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել