1ԳլխավորԼուրերՀարցազրույցՆերքինՔաղաքականություն

Գործող իշխանության դեմ զանգվածային բողոքի ալիք կարող է լինել, եթե արձանագրվի ձախողում ԼՂ հարցում ու լինի տնտեսական փլուզում․ Գարիկ Քեռյան

365news.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Գարիկ Քեռյանը

– Ի՞նչ է կատարվում Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Այսօր Արթուր Վանեցյանն ասում է, որ իշխանություններն ընդդիմախոսներին լռեցնում են, երեկ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ իշխանությունը կարող է փոխվել փողոցում։ Արդյո՞ք կա իշխանափոխության վտանգ։

– Քաղաքական ներկայիս իրավիճակում քննարկվում է մի քանի հարց․ արդյոք իշխանափոխությունը հասունացե՞լ է, թե՝ ոչ, իշխանափոխությունն ի՞նչ ուղիով ու մեթոդներով է իրականացվելու և արդյոք իշխանափոխությունը լինելո՞ւ է արտահերթ։

Ռոբերտ Քոչարյանի առաջ քաշած թեզը հետևյալն էր՝ ոչ թե արտահերթ ընտրություններ իշխանափոխության համար, այլ՝ արտահերթ իշխանափոխություն։ Իշխանափոխությունն առանց ընտրությունների մի քիչ դժվար է պատկերացնել ներկա իրադրության մեջ, բայց սա նոր բանաձև էր։ Չեմ հանդիպել այլ երկրներում նման սցենար, որովհետև սովորաբար իշխանափոխությունը հաջորդում է ընտրությունների արդյունքներին, ինչպես, օրինակ՝ Վրաստանում և Ուկրաինայում, որտեղ ընտրությունների արդյունքները չճանաչվեցին, և սկսվեց իշխանափոխությանը հանգեցնող գործընթաց։

Հիմա շրջանառվում է այն գաղափարը, որ իշխանությունը ձախողել է, դանակը հասել է մարդկանց ոսկորին, և մարդիկ կարող են ոտքի կանգնել։ Բայց կարծում եմ, որ զանգվածային ոտքի կանգնելն ու ճնշում գործադրելն իշխանության վրա հեշտ գործ չէ։ Դրա համար որոշակի ժամանակ է պետք։

Բողոքական տրամադրությունների կուտակում պետք է լինի, որը մարդկանց կստիպի փողոց դուրս գալ, պառկել ասֆալտին։ Բայց սա մեկ-երկու օրվա գործ չէ, նման իրավիճակ կարող է ստեղծվել 8-10 տարիների ընթացքում։ Եթե նայեք մեր պատմությունը, կտեսնեք, որ համազգային հեղափոխական, զանգվածային շարժումները հենց այդ կտրվածքով են լինում։

– Իսկ դժգոհությունն այս իշխանությունից այնքան շա՞տ է, որքան նախկինում։

– Դժգոհությունները, գուցե, ավելի շատ են, քան 2018թ․-ի սկզբին, բայց իրավիճակն այնպիսին է, որ մարդիկ կարծում են, որ բարդությունները պանդեմիայի արդյունք են, որ այս ամենը նախորդ ժամանակներից եկող ժառանգություն է, որը մեկ-երկու տարում հաղթահարել հնարավոր չէ։

Տեսանելի է նաև մի նոր երևույթ, որ մարդկանց մի մասը հուսահատվել է և կարծում է, որ ամեն անգամ ներգրավվելուց բան չի փոխվում, որ էլ իմաստ չունի իշխանությունը փոխել։ Այնպես որ քիչ հավանական եմ համարում իշխանափոխություն անել ներքևից։

Շատ հարցեր կան, որոնք բողոքի ալիք են բարձրացնում, օրինակ՝ Լանզարոտի կոնվենցիան, Ստամբուլյան կոնվենցիան, կրթության ոլորտի խնդիրները, դիմակներ կրելու դեմ ընդվզումները, բայց դրանք չեն կարող լայնամասշտաբ բողոքի ակցիաների վերածվել։ Քաղաքագիտության մեջ կա կրիտիկական զանգված արտահայտությունը, որին իշխանությունը դիմադրել չի կարողանում, այդ զանգվածը հիմա չկա։ Այն կարող է ձևավորվել, եթե լինի լուրջ ձախողում ղարաբաղյան հարցում, և եթե լինի տնտեսական փլուզում, երբ ժողովուրդը չկարողանա մարդկանց ապահովել սնունդով։

Տիգրանուհի Մարտիրոսյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել