1ԳլխավորԼուրերՏեսանյութ

Լոս Անջելեսում հայերի ցույցին ադրբեջանցիները եկել էին կացիններով, սղոցներով ու սառը զենքերով զինված (տեսանյութ, լուսանկարներ)

Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց հուլիսի 21-ին տեղի ունեցած բողոքի երթի ժամանակ ադրբեջանցիների կողմից սադրանքի պատճառով բախում էր գրանցվել:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը շտապել էր ներողություն խնդրել ադրբեջանցիներից հայերի պահվածքի համար: ԱՄՆ դիվանագետը չէր սպասել քննության ավարտին ու խախտելով համերկրացիների անմեղության կանխավարկածի իրավունքը՝ նրանց մեղադրել էր օրենքով պատժվող արարքի մեջ: Լոս Անջելեսի Ադրբեջանի հյուպատոսության մոտ հայերին հակազդելու համար հավաքված ադրբեջանցիները տեսանկարահանել էին իրենց գործողությունները և տեղադրել ֆեսյբուքյան Turgut էջում:

Այդ տեսանյութերն ուշադիր դիտելու դեպքում կնկատեք ադրբեջանցի ցուցարարների ձեռքին բավականին մեծ սղոց, ուրագ, ծալովի դանակ, կացին ու սառը զենք համարվող այլ գործիքներ:

Ադրբեջանցի ցուցարարներից մեկը, ով կրում էր «Կանգնեցրեք հայկական ագրեսիան ու ազատագրեք ադրբեջանական հողերը» գրառումով շապիկ, մի ձեռքում պահել էր ուրագ, իսկ մյուս ձեռքում՝ սղոց: Ադրբեջանցի ցուցարարներից մի քանիսն էլ ադրբեջանցիների համար նախընտրելի կացինի ավելի փոքր տարբերակներն էին իրենց հետ բերել:

Տեսանյութ՝ 1, տեսանյութ՝ 2:

Armenian Brotherhood-ի անդամ Էդգար Քոչարյանը 365news.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրենք տեղյակ էին ադրբեջանցիների զինված լինելու մասին:

«Ադրբեջանցիները հավաքվել էին հյուպատոսության դիմացի փողոցում՝ մեզանից հեռու, և ոստիկանները նրանց ուղեկցում էին ցույցի տարածքից դուրս: Երբ ադրբեջանցիները հեռացան, մենք իմացանք, որ մյուս փողոցում մոլորված երկու հայ աղջկա մեքենային են հարվածել, իսկ հետո խմբով հարձակում գործել նրանց վրա:

Քնած մարդուն կացնահարող հանցագործին հերոսացնող ազգից էլ ի՞նչ սպասեինք, գիտեինք, որ ադրբեջանցիները զինված են ու, բնականաբար, շտապեցինք օգնության: Բախումն այդպես սկսվեց»,- պատմեց Էդգար Քոչարյանը:

Ցույցին մասնակցող հայերի աչքից չէր վրիպել նաև ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Լոս Անջելեսի շրջանի շերիֆ, ազգությամբ ադրբեջանցի Ֆախրի Միրզակուլիևը, ով մասնակցում էր ցույցին ադրբեջանցիների կողմից: Հետաքրքիր է, որ վերջինիս շերիֆ նշանակվելու մասին տեղեկացրել էր նաև Լոս Անջելեսի ադրբեջանական համայնքի ֆեյսբուքյան էջը:

Լոս Անջելեսի մարզային շերիֆ, ազգությամբ ադրբեջանցի Ֆախրի Միրզակուլիևը ֆեյսբուքյան իր էջում Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա ռազմական նախահարձակ գործողությունների ժամանակ՝ հուլիսի 16-ին, հայտարարություն է տեղադրում, մոտավորապես, այն բովանդակությամբ, որ ոչ բոլոր «յան»-ով վերջացող ազգանուն ունեցողներին պետք է սպանել:

Հայտարարում է, որ արդեն դիմել է դեսպանատուն, որպեսզի օգնեն իրեն գնալ Ադրբեջան՝ կռվելու հանուն իր հայրենիքի, հանուն իր եղբայրների. դեսպանն անձամբ խոստացել է օգնել:

Armenian Brotherhood-ից Էդգար Քոչարյանը տեղեկացրեց, որ Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները մտադիր են հետամուտ լինել տեսանյութերում սառը զենք կրող ադրբեջանցիներին օրենքով պատասխանատվության ենթարկելու, Ֆախրի Միրզակուլիևին շերիֆի պաշտոնից հեռացնելու ուղղությամբ աշխատանքներին:

«Ֆախրի Միրզակուլիևը, լինելով Լոս Անջելեսի մարզային շերիֆ, դրսևորել է ոչ էթիկական պահվածք, նա ոչ միայն մասնակցել է իր հայրենակիցների ակցիային, այլև տեսել է նրանց կրած զենքներն ու լռել այդ մասին: Իսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն առանց սպասելու քննության ավարտին զրպարտել է հայերին, այնինչ տեսանյութում երևում է, թե ովքեր էին բռնության  ձգտում, դա հաստատ հայերը չէին»,- ասաց Քոչարյանը:

Ադրբեջանական կողմը ցույցին ներկայացել էր պատրաստված ոչ միայն սառը զենքերի կրմամբ:

365news.am-ին հայտնի դարձավ, որ Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանը, տեղեկանալով, որ հայկական համայնքի ներկայացուցիչները նպատակ ունեն ինքնաթիռներ վարձելու ցույցի օրը, Լոս Անջելեսում գործող երկու միակ ընկերությունների բոլոր ինքնաթիռները հենց ցույցի օրվա համար վարձակալել են: Վարձակալության գումարը, բնականաբար, փոխանցվել է միջնորդի կողմից, սակայն ընկերության հետ բանակցությունները վարել են հյուպատոսության աշխատակիցները:

Մեզ հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց. «Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, որը գրվում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի անունից, ես դա չեմ մեկնաբանելու: Մենք ի գիտություն ենք ընդունել Հայաստանում և Բաքվում ԱՄՆ դեսպանությունների կողմից համատեղ հայտարարությունը: Մենք հենվում ենք այդ հայտարարության վրա, որովհետև դա է ներկայացվել որպես պաշտոնական, այլ ոչ թե այն, ինչ վերագրվում է դեսպանին մամուլի կողմից»:

Ինչ վերաբերում է Լոս Անջելեսի ցույցին զինված ադրբեջանցիների մասնակցությանը, Աննա Նաղդալյանը խնդրեց իրենց ուղարկել տեսանյութերն ու մեզ մոտ առկա նկարները. «Մեր համայնքի հետ կապված բոլոր խնդիրները գտնվում են մեր դիվանագիտական ներկայացուցչության ուշադրության կենտրոնում ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսության ուշադրության կենտրոնում, և եթե կան նման ապացույցներ, փոխանցեք, և մենք կփոխանցենք հյուպատոսարաններին: Դա փոխանցեք մեզ, քանի որ այն, ինչ Դուք եք նկարագրում, պետք է փոխանցվի ԱՄՆ իրավապահ մարմիններին»:

365news.am-ը շարունակելու է հետևել այս զարգացումներին:

Հայկա Ալոյան

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել