1ԱրտաքինԳլխավորԼուրերՀարցազրույցՔաղաքականություն

Էրդողանի ստեղծած՝ Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարող կառույցը նաև հակահայկական նախաձեռնություններ է իրականացնելու. թուրքագետ

365news.am-ը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ:

– Մինչ Էրդողանի հրամանով ցեղասպանության ժխտողականության ուղղությամբ աշխատող այս խմբի ստեղծումը Թուրքիայում ամեն տարի Ազգային անվտանգության խորհրդում հատուկ ռազմավարություն էին մշակում Հայոց ցեղասպանության դեմ ժխտողականության քաղաքականություն վարելու վերաբերյալ: Ինչպե՞ս էին նախկինում աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ։

-Որպեսզի ընդհանուր հասկանանք, թե ինչի համար ստեղծվեց սա, ուղղակի երկու մեջբերում անեմ: Ես հետևյալ ձև եմ դասավորում թուրքերի կողմից Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարը՝ մինչև 2015-ը, որը ըստ իրենց պետք է լիներ պիկը և դրանից հետո մարեր ամբողջ աշխարհում, և իրենք խնդիր չունենային: Մյուսը՝ 2015-ից հետո ինչ տեղի ունեցավ, որը իրենց հաշվարկների մեջ չի մտել: Իրենք դրա համար նախկինում ԱԱ խորհրդի նիստերին մշտապես ունեցել են քննարկումներ Ցեղասպանության ճանաչման դեմ, թե ինչ միջոցներով պայքարեն: Բնականաբար, այդ գործին լծվել են Թուրքիայի տարբեր կառույցներ՝ սկսած իրենց արտաքին գործերի նախարարությունից, իրենց Ազգային անվտանգության ծառայությունից մինչև ամենավերջին իշխանամետ ակտիվիստները, որոնք տարբեր երկրներում ունեն իրենց, այսպես ասենք, «գործակալների ցանցը»: Այս ձևով է տեղի ունեցել իրենց պայքարը: Դա ինչ-որ չափով հաջողվել է, քանի որ գիտենք, ցավոք, որոշ տեղերում կարողացել են կանխել քվերակություններ, թույլ չտալ հուշարձանների տեղադրում կամ ուղղակի ինչ-որ հակահայկական հիստերիա բարձրացնել՝ օրինակ հիմա հենց Լիբանանում տեղի ունեցող այդ իրադարձությունները: Այսինքն՝ ես ոչ միայն Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի շրջանակներում եմ տեսնում սա, այլ նաև հակահայկական նախաձեռնությունների:

-Ինչո՞ւ նման կառույց ստեղծել:

-Ինչպես նշեցի՝ իրենց հաշվարկները սխալ դուրս եկան և 2015-ից հետո շարունակվեց համաշխարհային կյանքում ակտուալ մնալ Հայոց ցեղասպանության ճանաչման տարբեր դրսևորումներ:

Դա կլինեն երկրի խորհրդարաններ, թե քաղաքային խորհուրդներ՝ գիտենք, 15-ից շատ քաղաքային խորհուրդներ ընդունել են Ցեղասպանությունը: Նահանգների մակարդակով է ընդունվել Ցեղասպանությունը, իսկ Թուրքիայի համար ամենամեծ գլխացավանքը նախորդ տարի ԱՄՆ-ի Կոնգրեսի ընդունած բանաձևն էր: Այն լրացուցիչ գլխացավանքներ ստեղծեց և միջազգային մակարդակով Թուրքիայի համար շատ բացասական իմիջ ձևավորվեց: Առանց այդ էլ Թուրքիան վերջին տարիներին բավականին վատ համբավ է սկսել ձեռք բերել: Նույնիսկ այն կարգի, որ զբոսաշրջությունն է դրանից սկսել տուժել՝ խնդիրները Գերմանիայի, Եվրոպայի հետ, արաբական աշխարհի հետ, վերջին ամենալուրջ խնդիրները ԱՄՆ-ի հետ: Թուրքիան հասկացավ, որ Ցեղասպանության հետ կապված հարցը փակված չէ և պետք է դրան պրոֆեսիոնալ մոտեցում:

Իսկ պրոֆեսիոնալ մոտեցում նախկինի պես մի քիչ էլ, իրենց տրամաբանությամբ, չի լինում արդյունավետ, քանի որ այդ ուղղությամբ աշխատող թևերի միջև չկա «համագործակցության արդյունավետություն», և պետք է ուղղակի մեկ կետից կառավարվի, որպեսզի արդյունավետությունն ավելի բարձր լինի՝ ըստ իրենց: Այսինքն՝ ստեղծվում է մի կառույց, որի հիմնական նպատական է պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ և հակահայկական ինչ-որ նախաձեռնություններ անել: Իհարկե, այս կառույցի անդամները համակարգելու են թուրքական ամբողջ պետական ապարատի աշխատանքները իմ նշած ուղղություններով: Օրինակ, այս ապարատը ինչ-որ հարցում ասելու է՝ հարգելի Արտաքին գործերի նախարարություն, այս երկրում այսպիսի բան արեք այս տեղում: Հաջորդը՝ դիմում է իքս ակտիվիստներին, ասելով՝ գնացեք, ցույց արեք այս հարցով, դիմելու է Ազգային անվտանգության ծառայություն, ասելով՝ ձեր գործակալներին այս առաջադրանքով այստեղ ուղարկեք և այլն: Այս կերպ է լինելու: Սա համակարգված պայքարի տեսակ է: Իրենց հասկանալով, քանի որ նախկինն արդեն արդյունավետ չի եղել, նոր բան փորձեցին հորինել, և հիմա ունենք այն, ինչ ունենք:

-Հայկական կողմն ի՞նչ պետք է անի հնարավորին չեզոքացնելու համար այս կառույցի արդյունավետությունը:

– Գաղտնիք չէ, որ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքների գերակշիռ մասը Սփյուռքն է կատարել: Երբ Սովետական միությունը կար՝ մինչև 1991 թվականը ահագին երկրներ ընդունել են Հայոց ցեղասպանությունը, և դա ընդհանրապես Հայաստանի հետ կապ չուներ՝ Սփյուռքն էր դա արել: Եվ վերջին շրջանում էլ, երբ Հայաստանի Հանրապետության գործոնն էլ արդեն կա, պետք է լինի Հայաստանի և Սփյուռքի՝ այդ հարցով զբաղվող կառույցների ակտիվ ու համակարգված համագործակցություն: Եվ կրկին վատ չէր լինի, եթե լիներ մարմին, որը կհամակարգեր, կկոորդինացներ այդ երկու կողմերի՝ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի կառույցների միջև աշխատանքը արդյունավետությունը կրկին բարձր պահելու համար:

Զրուցեց Հայկա Ալոյանը

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել