1ԱրտաքինԳլխավորԼուրերՀարցազրույցՔաղաքականություն

Գերմանիայի տուրիստական խորհրդատվությունները ցույց են տալիս միայն այն ռիսկերը, որոնք Ադրբեջանը կարող է առաջացնել օտարերկրյա քաղաքացիների համար․ Ռիչարդ Կիրակոսյան

Օրեր առաջ Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որով ճամփորդել ցանկացող Գերմանիայի քաղաքացիներին հորդորում էր «խուսափել Լեռնային Ղարաբաղ կամ հարակից ադրբեջանական այլ տարածքներ այցելելուց, որոնք օկուպացված են հայկական զինված ուժերի կողմից»։ Թեմայի շուրջ 365news-ը զրուցել է քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի հետ։

– Ինչո՞ւ է Գերմանիան հորդորում իր քաղաքացիներին չայցելել Արցախ, ի՞նչ «նպատակ» է թաքնված այդ հայտարարության տակ: Արդյո՞ք այս հայտարարությունը նոր է, թե՝ ոչ:

– Լեռնային Ղարաբաղի խնդիրը Գերմանիայի արտաքին քաղաքականությունում պաշտոնապես միշտ էլ նուրբ թեմա է եղել՝ պայմանավորված պաշտոնական ճանաչման բացակայությամբ և Գերմանիայի կողմից Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների ընկալմամբ: Այս ամենը բարդացնում է գերմանական ներգրավվածությունը առկա խնդրում:

Ղարաբաղ չայցելելու ճանապարհորդական խորհրդատվությունը նոր չէ, ասեմ ավելին՝ այն չի տարբեվում ԵՄ-ի և ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումից: Ավելին՝ ես գերմանական դիրքորոշումը չէի մեկնաբանի որպես ագրեսիվ կամ հակահայկական: Փաստացի այս տուրիստական խորհրդատվությունները ցույց են տալիս միայն այն ռիսկերը, որոնք Ադրբեջանը կարող է առաջացնել օտարերկրյա քաղաքացիների համար, դրանով իսկ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները և պատերազմի կամ հարձակման սպառնալիքները շեշտում են, որ հենց Ադրբեջանն է, որը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը:

– Արդյո՞ք Գերմանիայի նմանատիպ հայտարարությունը մտահոգվելու առիթ չի առաջացնում Հայաստանի համար:

– Այս հայտարարության մեջ ոչ մի արտառոց կամ խրթին բան չեմ նկատում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ղարաբաղի համար, այնուամենայնիվ, այստեղ խորքային ենթատեքստ կա։ Ավելի կոնկրետ՝ վերջին տարիներին գերմանական ներգրավվածությունը խնդրահարույց է եղել:

Օրինակ ՝ 2018-ի օգոստոսին Ադրբեջանը խափանեց կանցլեր Անգելա Մերկելի՝ Հարավկովկասյան տարածաշրջանային այցը, երբ գերմանացի խորհրդարանականին մուտքն Ադրբեջան արգելեցին և թույլ չտվեցին Մերկելին ուղեկցել Բաքու, քանի որ նա այցելել էր Ղարաբաղ «առանց Բաքվի թույլտվության» և ավելացվել է Ղարաբաղ այցելած մարդկանց տխրահռչակ «սև ցուցակ»-ում։ Բացի դրանից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նոր աստիճանի դիվանագիտական լարվածություն էր առաջացրել Բեռլինի և Բաքվի միջև, քանի որ Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Սայբերտը պնդում էր, որ «Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը չի նպաստում Լեռնային Ղարաբաղի  խնդրի շուրջ երկխոսությանը»:

Պարոն Կիրակոսյան, ամեն դեպքում Գերմանիան հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, սակայն Հայաստանին անվանում է օկուպանտ: Գերմանիան ինչո՞ւ չի փորձում է թեկուզ փոքր-ինչ իր հայտարարություններում անաչառ լինել:

– Իրականում՝ ոչ, Գերմանիայի դիվանագիտական հայտարարությունները շատ ավելի նրբանկատ են, զգուշավոր և հավասարակշռված: Ընդհանուր առմամբ՝ Գերմանիան իր արտաքին քաղաքականությունում և, մասնավորապես, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, պետք է զգուշորեն խուսափի որևէ կողմին այս կամ այն ձևով նախապատվություն տալուց։

Բայց Գերմանիան էլ իր հերթին մարտահրավեր է նետում իր ներքին խնդիրներով, ինչպես երևում է գերմանացի երկու խորհրդարանականների դեպքում, որոնք 2019-ի մարտին Ֆրանկֆուրտի դատախազության կողմից ենթարկվել էին պաշտոնական հետաքննության որպես պետական պաշտոնյաներ այդ ընթացքում Ադրբեջանի «Լվացքատան» սկանդալում կոռուպցիոն ներգրավածության համար։

– Հայաստանն ինչպիսի՞ արձագանք պետք է տա՝ ուղղակի կոշտ բացատրություն պահանջի՞, թե՞ փորձի տարբեր մակարդակներով իր հարաբերություններն էլ ավելի խորացնի Գերամանիայի հետ, որն էլ ժամանակի հետ ընթացքում հիմք կդառնա հայանպաստ հայտարարությունների։ Որո՞նք են հայ-գերմանական հարաբերությունների հիմնական խնդիրները, եթե, իհարկե, դրանք առկա են։

– Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի և Գերմանիայի երկկողմ հարաբերությունների վիճակը լավ է և հարաբերություններն էլ ավելի են խորանում ու զարգանում: Վարչապետ Փաշինյանը սերտ կապեր ունի նաև իր գերմանացի գործընկերոջ հետ, բացի դրանից, երկու երկրների միջև զարգանում են նաև խորհրդարանական համագործակցությունը և փոխանակումները:

Ավելին՝ Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է ԵՄ կազմում և հանդիսանում է Հայաստանի ամենակարևոր ներդրողներից մեկը:

Բացի դրանից, Հայաստանում գերմանական ներգրավվածության մասին խոսում են նաև Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) առկայության և գործունեության միջոցով, 2017-ին Գյոթեի կենտրոնի բացումը, գերմանական և հայկական բուհերի միջև համագործակցությունը, ինչպես նաև կարևոր աշխատանքի արդյունք է Ֆրիդրիխ Էբերտի, Կոնրադ Ադենաուերի հիմնադրամները, Ֆրիդրիխ Նաումանի անվան ազատության հիմնադրամն ու Հայնրիխ Բյոլ հիմնադրամը, ինչպես նաև Գերմանիայի մեծահասակների կրթության ասոցիացիան (DVV) ու Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ):

Այնուամենայնիվ, Հայաստանը պետք է հետագայում բարձրացնի իր դերը գերմանական ակադեմիական և փորձագիտական, ինչպես նաև գործարար համայնքի և լրատվամիջոցների շրջանակներում: Դիվանագիտության և քաղաքականության մեջ ընկալումը և հասարակության պատկերը կարևոր գործոններ են, և այս իրավիճակը պահանջում է ավելի մեծ ուշադրություն:

Զրուցեց Մելինե Պետրոսյանը

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել