LifeTalksԼուրերՇոու Բիզնես

Ինչո՞վ զբաղվել տանը կարանտինի շրջանում. 13 գաղափար որը չի ձանձրացնի ձեզ

Հայաստանում կորոնավիրուսի տարածման առթիվ հայտարարվել է արտակարգ դրություն։ Կառավարությունը հորդորել է մարդկանց մնալ տանը, բոլոր նրանց, ովքեր վատառողջ են՝ ինքնամեկուսանալ։ Ի՞նչ անել այս շաբաթների ընթացքում առանց սրճարանների, մոլերի ու ժամանցի մյուս վայրերի։ 365news.am-ն առաջարկում է տնային զբաղմունքների մի քանի հետաքրքիր գաղափար։ Պատկերացրեք` բացի ավանդական կինո, սերիալ դիտելուց ու գիրք կարդալուց, կան ավելի հետաքրքիր զբաղմունքներ, որոնց մասին գուցե չէիք էլ մտածել:

Դասավորեք պահարանները

Ժամանակի սղության պատճառով ոչ բոլորն են կարողանում դասակարգված պահել թե՛ իրենց զգեստապահարանը, թե՛, օրինակ, գրապահարանը: Այս ընթացքում, երբ տանն եք և թվում է` այլևս զբաղմունք չկա և ձանձրանում եք, անցեք գործի և դասավորեք ձեր պահարանը: Ի դեպ, կարող եք երաժշտություն էլ միացնել. օգնում է գործըն ավելի հաճելի անցկացնել:

Ժամանակն անցկացրեք ընտանիքի անդամների հետ

Մեզանից շատերը օրվա ընթացքում հասցնում են շփվել գործընկերների, ընկերների, բայց ոչ ընտանիքի անդամների հետ: Սա լավ առիթ է առավոտյան միասին նախաճաշելու, ֆիլմեր դիտելու։ Գուցե արդյունքում հետաքրքիր բաներ բացահայտեք միմյանց մասին:

Ընկերների հետ խմբակային լայվ միացում արեք

Կարոտո՞ւմ եք ընկերական զրույցները։ Միմյանց նամակներ գրելուց ու զանգահարելուց բացի, կարող եք խմբային լայվ կազմակերպել: Սա փոքր-ինչ կօգնի թեթևացնել լարվածությունը։

Ստեղծագործեք խոհանոցում

Բոլորս հաճախ ասում ենք՝ շատ եմ սիրում պատրաստել, բայց ժամանակ չունեմ։ Դե ինչ, եկել է այդ պահը։ Տանը մնալը լավ առիթ ամեն օր համեղ և նոր ուտեստներ պատրաստելու համար: Բացեք սառնարանը, վերցրեք մի քանի բաղադրիչ և սկսեք էքսպերիմենտներ անել: Պատրաստելը հաճախ ցրում է վատ ու բացասական մտքերը: Վերջնական արդյունքով կիսվեք Ինստագրամում ձեր ընկերների հետ ու նրանց էլ «վարակեք» ձեր զբաղմունքով։

Դիետա պահեք

Այ, օրինակ՝ քանի՞ անգամ եք ասել` վերջ, երկուշաբթի օրվանից սկսում եմ դիետա պահել: Երկուշաբթին հենց այսօր է, և կապ չունի, որ այսօր երեքշաբթի է: Մենք երբեմն աշխատանքային գրաֆիկի հետ չենք հասցնում ռեժիմով սնվել, իսկ մեկ ամիս տնային ռեժիմը լավագույն միջոցն է մի քանի կիլոգրամ նիհարելու համար:

Գրի առեք մտքերը

Եթե ձեզ համար խորթ է օրագրի գաղափարը, կարող եք ձեռք բերել նոթատետր և գրի առնել ձեր մտքերն ու ապրումները, էմոցիաներն ու նոր գաղափարները։ 

Կազմեք օրացույց և հերթով ջնջեք օրերը

Իրականում այս զբաղմունքը քիչ օգտակար է, բայց գուցե այն հավանեք 🙂

Մարզվեք օնլայն

Հիմա շատ մարզիչներ, ինչպես նաև սպորտային ակումբներ, իրենց Ինստագրամի էջերով ու յութուբյան ալիքներում լայվ միացումներ են իրականացնում՝ առաջարկելով մարզվել միասին: Դուք էլ միացեք նրանց:

Բյութի խնամք

Վերջապես դուք ունեք դիմակներ, սկրաբ և այլ պրոցեդուրաներ կատարելու ժամանակ։ Մի քանի շաբաթը բավարար է դեմքի և մարմնի մաշկը խնամելու, նույնիսկ բնական միջոցներից դիմակներ պատրաստելու համար։ Ձեր մաշկը վերջապես կհանգստանա դեկորատիվ կոսմետիկ նյութերից ու կշնչի։

Թարմացրեք ինքնակենսագրականը՝ СV-ն

Մենք հիշում ենք ինքնակենսագրության մասին այն ժամանակ, երբ փնտրում ենք աշխատանք։ Հիմա կա ժամանակ թարմացնել ինքնակենսագրականը, ավելացնել Ձեր մասին բոլոր նոր տվյալներն ու դրան մի փոքր ավել ժամանակ հատկացնել։ Չէ՞որ գործատուն գնահատում է, որ իր ապագա աշխատակիցը ջանք ու եռանդ չի խնայել CV-ն կազմելու ուղղությամբ։

Վերանայեք մանկության ալբոմը

Վերջին անգամ ե՞րբ եք թերթել Ձեր մանկության լուսանկարները, ե՞րբ եք ընկել հիշողությունների գիրկը։ Սրանից էլ լավ առի՞թ՝ մի բաժակ տաք թեյով ալբոմը թերթելու։

Խաղացեք խաղեր

Գոյություն ունեն ինտելեկտուալ բազում խաղեր, որոնք ոչ միայն լիցքաթափում են, այլև մարզում ինտելեկտը։ Ի դեպ, դրանք կարող եք խաղալ ոչ միայն ընտանիքի անդամների, այլև ընկերների հետ՝ օնլայն եղանակով:

Ճամփորդենք առցանց թանգարաններով

Աշխարհում 1200- ից ավելի թանգարան առաջարկում է իր նմուշներին ծանոթանալ առցանց: Թանգարանները հնարավորություն են տվել ոչ մի այն դիտել նմուշներն օնլայն, այլև ծանոթանալ արխիվներին: Այդ ցանկում են Փարիզի հանրահայտ Օրսեյի թանգարանը, Ամստերդամի Վան Գոգի թանգարանը, Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահը, Սանկտ Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանը և այլն:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Փակել